![]()
«Այսօր մենք հանգամանալից անդրադարձանք Հայաստանում շարունակվող ոլորտային բարեփոխումների ընթացքին, որոնք բխում են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած երկուստեք հանձնառություններից»:
Այս մասին ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Բարեփոխումների ընթացքի արդյունավետության ավելացման, դրանց արդյունքները մեր քաղաքացիներին ավելի հասանելի դարձնելու նպատակով քիչ առաջ ստորագրեցինք Դիմակայունության և աճի պլանի ներքո 2025-2027 թվականների ֆինանսավորման համաձայնագիրը, որով սահմանեցինք հավակնոտ միջոցառումներ, մասնավորապես, արտահանման դիվերսիֆիկացիայի, վիզային ռեժիմի ազատականացման և հանրային ֆինանսների կառավարման կարևորագույն ոլորտներում:
Առանձնահատուկ կենտրոնացանք տարածաշրջանային կապակցվածության հարցերին և այդ համատեքստում պայմանավորվեցինք շարունակել աշխատանքները Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության, TRIPP երթուղու և ԵՄ միջտարածաշրջանային կապակցվածության, մասնավորապես «Գլոբալ դարպասներ» ռազմավարության իրականացման ուղղություններով:
Ուրախ եմ արձանագրել, որ հանձնակատարը վերահաստատեց ԵՄ աջակցությունը Հայաստանի ինտեգրմանը տրանսկասպյան տրանսպորտային ուղուն:
Հանձնակատար Կոսի միջոցով մեր երախտագիտությունն ենք հայտնում և հայտնել ԵՄ ղեկավարությանը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանում ժողովրդավարական դիմադրողականության ավելացման ուղղությամբ գործադրվող ջանքերի և ուշադրության համար»,- ասաց նա:
![]()