Կոսը վերահաստատեց ԵՄ աջակցությունը Հայաստանի ինտեգրմանը Տրանսկասպյան տրանսպորտային ուղուն. Գրիգորյան

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր հյուրընկալել Եվրոպական Միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին և իր գլխավորած պատվիրակությանը։ Հաձնակատար Կոսը վերջին վեց ամիսների ընթացքում երկրորդ անգամ է աշխատանքային այցով գտնվում մեր երկրում, ինչը Հայաստանի և Եվրոպական Միության միջև ընդլայնվող գործընկերության վառ վկայականն է»։

Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, Երևանում Եվրոպական Միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ համատեղ հայտարարության ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նա մասնավորապես նշեց. «Այս այցը նշանակալի է Հայաստանի և ԵՄ-ի միջև բոլոր ուղղություններով, համագործակցության խորացման առումով՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ այն տեղի է ունենում Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան ԵՄ գագաթնաժողովներին ընդառաջ։

Այսօր մենք հանգամանալից անդրադարձանք Հայաստանում շարունակվող ոլորտային բարեփոխումների ընթացքին, որոնք բխում են համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած երկուստեք հանձնառություններից։

Բարեփոխումների ընթացքի արդյունավետության ավելացման, դրանց արդյունքները մեր քաղաքացիներին ավելի հասանելի դարձնելու նպատակով քիչ առաջ ստորագրեցինք դիմակայության և աճի պլանի ներքո 2025-2027 թվականների ֆինանսավորման համաձայնագիրը, որով սահմանեցինք հավակնոտ միջոցառումներ, մասնավորապես արտահանման դիվերսիֆիկացիայի, վիզային ռեժիմի ազատականացման և հանրային ֆինանսների կառավարման կարևորագույն ոլորտներում։

Առանձնահատուկ կենտրոնացանք տարածաշրջանային կապակցվածության հարցերին և այդ համատեքստում պայմանավորվեցինք շարունակել աշխատանքները կառավարության «խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության, TRIPP երթուղու և ԵՄ միջտարածաշրջանային կապակցվածության, մասնավորապես գլոբալ դարպասներ ռազմավարության իրականացման ուղղություններով։

Ուրախ եմ արձանագրել, որ հանձնակատարը վերահաստատեց ԵՄ աջակցությունը Հայաստանի ինտեգրմանը Տրանսկասպյան տրանսպորտային ուղուն։ Հանձնակատար Կոսի միջոցով մեր երախտագիտությունն ենք հայտնել Եվրոպական Միության ղեկավարությանը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանում ժողովրդավարական դիմադրողականության ավելացման ուղղությամբ գործադրվող ջանքերի և ուշադրության համար»,- ասաց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ