Դատարանը հրապարակել է Նիկոլ Փաշինյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի վճիռը

Երևանի քաղաքացիական դատարանը մարտի 18-ին հրապարակել է Նիկոլ Փաշինյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի քաղգործով վճիռը։ Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարի հունիսին քաղաքացիական հայց էր ներկայացրել ընդդեմ հիշյալ օրաթերթի և պահանջում էր «Հրապարակ» օրաթերթ ՍՊԸ-ին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել հոդվածում տեղ գտած զրպարտություն համարվող փաստացի տվյալները հետևյալ ձևով՝ www.hraparak․am կայքում և hraparak. ֆեյսբուքյան էջում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով տեղադրել հրապարակում և վերնագիրը շարադրել այսպես՝ «Հերքում՝ «Փաշինյանը դավաճանո՞ւմ է արդյոք կնոջը» վերնագրով հոդվածում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հրապարակված զրպարտություն պարունակող տեղեկությունների մասին», իսկ բովանդակությունը շարադրել այսպես․ «06.06.2025թ.-ին www.hraparak.am կայքում մեր կողմից հրապարակվել է հոդված՝ «Փաշինյանը դավաճանո՞ւմ է արդյոք կնոջը» վերնագրով։ Հայտնում ենք, որ այդ հոդվածում հրապարակված տեղեկությունները ամբողջությամբ զրպարտում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և չեն համապատասխանում իրականությանը»։ Հրապարակումը պետք է պահպանվի կայքում առանց ժամկետի սահմանափակման։

Հայցվորը պահանջում էր պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել 1․000․000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ փոխհատուցում՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնաս:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինայնը 2025 թ․ հունիսի 6-ին իր ֆեյսբուքյան գրառման մեջ, կցելով վերոհիշյալ հոդվածի հղումը, գրել էր․ ««Հրապարակ» թերթին անպայման դատի կտամ, որ ապացուցվի, որ ընտանեկան և հոգևոր կյանքը ինձ համար արժեք ու սկզբունք են և ոչ թե մարդկանց մոլորեցնելու միջոց»։

Երեկ «Դատալեքս» հարթակում հրապարակված վճռից Civic.am-ը տեղեկացավ, որ դատարանը հայցապահանջը  բավարարել է մասնակի։ Ըստ այդմ․ ««Հրապարակ օրաթերթ»-ը պարտավորվում է հերքում հրապարակել, մասնավորապես հետևյալ կերպ՝ «Հայտնում ենք, որ այդ հոդվածում հրապարակված տեղեկությունները ամբողջությամբ զրպարտում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և չեն համապատասխանում իրականությանը»։

Բացի դրանից, «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ից հօգուտ Նիկոլ Վովայի Փաշինյանի պետք է բռնագանձվի 20.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, 100.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Դատական ծախսերի հարցը մնացած մասով համարել լուծված:

Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին:

Նշենք, որ այսօր տեղի ունեցած ճեպազրույցում վարչապետն անդրադարձել է իր կողմից ներկայացված հայցին՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին։ Փաշինյանը մասնավորապես նշել է․ «Ասում են, որ քաղհայցով դիմել է դատարան։ Այսինքն՝ դուք մտածում եք, որ որևէ լրատվամիջոց կարող է գրել, ակնարկ անել, որ ՀՀ վարչապետը  աշխատակցի հետ իր սենյակում ինտիմ հարաբերություններով է զբաղված, ու դա պետք է մնա անարձագա՞նք, ձե՞ռ եք առնում։ Ու դուք խոսում եք արժեքների մասի՞ն։ Էդ էն մարդիկ են, որոնք չգիտես ում սենյակներում ում հետ ինչով են զբաղված։ Անձի հարց չի էստեղ, էստեղ կարգավիճակի հարց է։ Դուք ուզում եք ասել, որ ես ՀՀ վարչապետի կարգավիճակն ու ՀՀ-ի կարգավիճակը չեմ հարգո՞ւմ։ Մտքներովդ չանցնի, օրինական բոլոր ձևերով կստիպեմ, որ դրա հետևանքները կրի՝ ով ուզում է լինի»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ