«Բռնության ենթարկված 1-ամյա երեխայի քույրն առողջական լուրջ խնդիրներ ունի»․ ՀՕՖ

Խորթ մոր կողմից պարբերաբար ծեծի ենթարկված 1 տարեկան 2 ամսական տղայի 3-ամյա քույրը, որը Արարատի մարզի Դարակերտ գյուղում էր ապրում և տատիկի խնամակալության տակ էր գտնվում, երկու օր առաջ տեղափոխվել է ՀՕՖ երեխաների պաշտպանության կենտրոն։ Տեղեկությունը «Նյուզ»-ի հետ զրույցում հայտնել է կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը։

«Շատ տեղեկություն չեմ կարող հայտնել, երեխային նոր ենք ընդունել, բժշկական հետազոտություններ է անցնում, լուրջ առողջական խնդիրներ ունի։ Բռնության հետքեր չկան, մտավոր խնդիրներ նույնպես, բայց ֆիզիկական առողջության խնդիրներ ունի։ Դա կարող է լինել անխնամության հետևանք, կարող է այլ պատճառներ ունենալ, առայժմ չենք կարող ասել»,- նշել է Անտոնյանը։

Հարցին՝ նախնական տեղեկություններով, որքա՞ն ժամանակ փոքրիկը կգտնվի ՀՕՖ–ում, Միրա Անտոնյանը պատասխանել է․ «Դեռ հետազոտությունների փուլում ենք։ Պետք է հասկանանք՝ ինչ վիճակ է, ինչպես է այս պրոցեսները տանում։ Ենթադրում եմ՝ երկարատև գործընթաց է լինելու»։

Միրա Անտոնյանի խոսքով, այս երկու օրվա ընթացքում երեխայի ծնողները չեն այցելել ՀՕՖ, երեխային չեն տեսակցել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ