Երկու օլիգարխներն էլ թույլիկ են, նույնիսկ առաջին դեմքերին ուտելիք չեն մատուցում. վարչապետ

«Կառավարության ծրագրի նախաբանում հստակ գրված է, որ ՀՀ ժողովրդի առաջ Կառավարության ստանձնած մեծագույն պարտավորությունը տարածաշրջանում խաղաղության էջը բացելն է և խաղաղություն հաստատելը: Մենք մի նախընտրական ծրագրով մտել ենք ընտրական պրոցես, որը եղել է ավանդական, հայկական, բայց մենք լրիվ ուրիշ ծրագրով դուրս ենք եկել, որովհետև այդ ընթացքում ՀՀ քաղաքացիները շատ կոնկրետ պատգամով են հանդես եկել՝ խաղաղությունը դարձնել բացարձակ առաջնահերթություն»,-լրագրողների հետ ճեպազրույոցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ Ղարաբաղի հետ կապված ոչ մի Կառավարություն չի արել այնքան, որքան արել է իրենց Կառավարությունը. «ՀՀ կառավարությունն ամեն ինչ արել է, այդ ուժերն էին, որ տոնում էին Ղարաբաղում իշխանություն վերցնելը, և դրանից ընդամենը օրեր հետո ամեն ինչ ավարտվեց: Հիմա այդ նույն ուժերը նույնն ուզում են անել ՀՀ-ի հետ, խորհրդարանում մարդիկ իրար շնորհավորում էին, որ Ղարաբաղում իշխանությունը վերցրել են, հիմա տեսեք ինչ են անելու, տեսանք: Մենք հստակ ծրագիր էինք առաջարկել և դա մերժվել է հենց այդ ուժերի հորդորներով: ԼՂ-ն միշտ եղել է Ադրբեջանի կազմում և ՀՀ-ն միշտ ճանաչել է Ադրբեջանի կազմում, ուղղակի դա թաքցվել է: ՀՀ և Ղարաբաղի ժողովրդից թաքցվել է իրողությունը, ինչու է թաքցվել, հիմա էլ փաստաթղթերը հրապարակված են, բա ինչու աղմուկ-աղաղակ չկա այդ փաստաթղթերի մասին, չկա, որովհետև ամեն ինչ հրապարակված է»:

Վարչապետի խոսքով՝ ամբողջ ճշմարտությունը դրված է ժողովրդի առաջ. «Դա դեռ ունի զարգանալու տեղ, այդ պատմությունը եղել է հետևյալը՝ Հայաստանի անկախ պետություն լինելը թույլ չտալը և այդ պրոցեսը ղեկավարել են Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, հետո Սերժ Սարգսյանը, հիմա էլ նրանց հարակից ռուսաստանաբելառուսական օլիգարխներին են բերել՝ հասականալով, որ իրենց քարտը մարված է: Սամվել Կարապետյանը թող մտնի ուղիղ եթեր ասի ինչ է ասում, մի հատ հասկանանք՝ իրենք ինչով են ուժեղ, մենք ինչով ենք թույլ, եթե այդ օլիգարխները կարող են 30 անգամ ձգվել, թող ուղիղ եթերում 30 անգամ ձգվեն, ես չեմ կարող 30 անգամ ձգվել, բայց ես կարող եմ 100 կմ հեծանիվ քշել: Ուրիշ ինչից են ուժեղ, ինտելեկտից են ուժեղ, թող մտնեն ուղիղ եթեր իրենց ինտելեկտը ցույց տան, ես համոզված եմ, որ երկու օլիգարխներն էլ թույլիկ են՝ և՛ վերլուծական մտքով, և՛ բառապաշարով: Դա շատ հեշտ է ապացուցել, իրենք ուժեղ են իրենց աշխատած փոխերով, դա աշխատել են իրենց կոռուպցիոն պապաների միջոցով, որպես բիզնեսմեն իրենք թույլիկ են: Այդ մարդիկ նույնիսկ առաջին դեմքերին չեն ուտելիք մատուցում, նրանք երրորդ-չորրորդական կարգի դեմքերին ուտելիք մատուցողներ են և հիմա եկել ՀՀ-ում ուզում են ներկայանալ որպես ուժեղ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ