![]()
«Որոշ ուժեր պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ ծանր հետևանքներով»:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով, թե «պատերազմի կուսակցություններ» ասելով ինչ է նկատի ունեցել։
«Պատերազմի կուսակցությունն ամեն օրվա հետ դառնում է ակնհայտ, որովհետև այդ կուսակցությունները և շրջանակները ասում են, որ իրենք դեմ չեն խաղաղությանը, երկրորդիվ սկսում են խոսել, որ իրենց իշխանության գալու պարագայում սկսելու են վերանայել խաղաղությունը․ սա շատ ուղիղ, առանց սեթևեթանքի ուզում եմ ասել, որ պատերազմ է ՀՀ-ի ոչ միայն տարածքային, այլև ինքնիշխանության կորստով»,- հայտարարեց նա։
Կառավարության ղեկավարը շեշտեց, որ նրանցից ոմանք չեն էլ հասկանում՝ ինչ են ասում․ «Այն տեքստերը, որ ասում են, ուրիշ տեղ են գրված, և իրենք կարդացողի կարգավիճակում են։ Առավել ևս իրենց ասածը չհասկացող ուժերը և քաղաքական գործիչները չպետք է ՀՀ-ում որևէ պաշտոնական կարգավիճակի հավակնեն»:
Վարչապետը ընդգծեց՝ իր հայտարարությունից հետո ավելի են ահագնացել այդ դրսևորումները:
«Բոլոր ուժերը հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից, ինչը նշանակում է անխուսափելի պատերազմ, ընդ որում՝ ընտրություններից շատ չանցած՝ մաքսիմալ աշնանը»,-ասաց նա և նշեց, որ եթե անհրաժեշտ է, անուններ էլ կարող է տալ։
Ինչ վերաբերում է հիբրիդային պատերազմին, Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց՝ դա այն է, երբ իր և ընտանիքի մասին գրվում են ամենատարբեր ստերը։
Վերջինս նշեց, որ այդ հարցում համագործակցում են ԵՄ-ի և բոլոր գործընկերների հետ, որոնք ունեն գործիքներ՝ հիբրիդային պատերազմի, մասնավորապես ապատեղեկատվության դեմ պայքարի համար։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()