![]()
Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ Սամվել Կարապետյանի թիմը իսրայելցի պաշտոնաթող գեներալ Զվիկա Խայմովիչին ներկայացրել է որպես «Ուժեղ Հայաստանի» անվտանգային թիմի անդամ։ Ըստ լրատվամիջոցների, Ադրբեջանին ԱԹՍ-ներ մատակարարած Զվիկա Խայմովիչը պաշտոնավարել է Իսրայելում այն ժամանակահատվածում, երբ Ադրբեջանն ակտիվ ՀՕՊ համակարգերի ու մարտական ԱԹՍ-ների գնումներ է իրականացրել Իսրայելից։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Կարապետյանների թիմի նոր անդամին։
«Ռուսաստանցի օլիգարխը իսրայելցի գեներալի է բերել, ներառել իր թիմ և փաստացի օտարերկրյա գեներալին ուզում է մտցնել մեր Հայաստանի քաղաքական դաշտ։ Ենթադրում եմ, որ նույնիսկ իրենց պաշտպանության նախարարի թեկնածուն է լինելու և բացարձակ կարևոր չէ, որ ՀՀ քաղաքացի չէ, և բացարձակ հայ չէ, իրենց համար ի՞նչ տարբերություն։ Ռուսաստանցի օլիգարխն էլ Հայաստանի քաղաքացի չէ միայն, բայց հայտարարում են, որ իրենց վարչապետի թեկնածուն է։ Ինչն է խանգարում իրենց պաշտպանության նախարարի թեկնածու էլ ունենալ իսրայելցի գեներալի։
Տպավորություն է, որ էս մարդիկ Հայաստանի Հանրապետությունը խառնել են ինչ-որ ֆուտբոլային թիմի մենեջմենտի հետ, խառնել են Մախաչկալայի «Անժի»-ի հետ, էդպես լավ չէ, միանգամից ադրբեջանցի գեներալ բերեիք, ինչ կա, եթե փող է, ծառայություն է՝ բերեիք։
Խայտառակություն է սա, բայց շատ բնական է, որովհետև իսրայելցի գեներալը նույնքան կապ ունի Հայաստանի Հանրապետության հետ, որքան ռուսասատնցի օլիգարխը, որն ի դեպ այսօր նորից հրապարակային ելույթով հանդերձ չեկավ, փոխարենը ԱԲ-ով սարքած տեսանյութ հրապարակեցին»,- ասել է նա։
![]()