Քոչարյանը ՀՀ-ի ունեցվածքը տվեց Ռուսաստանին, իշխանությունը հանձնելուց արդեն դոլարային միլիոնատեր էր. տեսանյութ

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին մշտապես հուզում է այն հարցը, թե ինչու Ռոբերտ Քոչարյանը չի դառնում ՀՅԴ անդամ, քանի որ իր գաղափարախոսությամբ և մոտեցումներով այդ համատեքստում է:

Վերջինս կարծում է, որ Քոչարյանը երիտասարդության շրջանում այլևս ընկալում չունի, քանի որ հին է:

«Իմ սերունդը տեսել է, թե նրա ժամանակ ինչ է եղել: Հատվածներ էր ցույց տալիս Ա1+-ից այն պարագայում, երբ Ա1+-ը ինքն է փակել: Քոչարյանն անգամ սեփական տուն չուներ Երևանում: Երբ իշխանությունը հանձնեց, դոլարային միլիոնատեր էր: Հայաստանի ունեցվածքը տվել է Ռուսաստանին, ասում է՝ իմ ժամանակները խաղաղ են եղել, ամբողջ հույսը դրել էր ռուսական բանակի վրա, հիմա էլ սրբապղծությամբ ԼՂ հայերի հույզերի վրա են խաղում»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է նա:

Զրուցակցի դիտարկմամբ՝ ՌԴ-ի համար հետաքրքիր չէ, թե ժողովուրդն ինչ է ուզում. «Ուզեք-չուզեք՝ Քոչարյանն է, ուզեք-չուզեք՝ Կարապետյանն է․ այսպիսի Հայաստան են ուզում»:

Արամ Սարգսյանն ընդգծում է՝ 2022 թվականին ժողովուրդը ոչ ասաց Քոչարյանին՝ ընտրելով անկախությունը:

«Լավ է, որ Ռոբերտ Քոչարյանը սկսել է սիրուց խոսել. երբ նախագահ էր, և՛ սիրուց էր խուսափում, և՛ խաչակնքվելուց: Ինքն իրեն ուժեղ էր համարում, իսկ ուժեղ մարդը չպիտի սիրի. էս ի՛նչ է իրեն թույլ տալիս Ռոբերտ Սեդրակիչը: Նա մեր ժողովրդին նվաստացրել է, ժողովրդի ձայնը 5000 դրամով գնել»:

Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին և նրա տնտեսական բարեփոխումների վերաբերյալ հայտարարություններին, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդն ասում է. «Բա խի՞ էին «Տաշիր պիցցա» ու մոլ դնում, թող գործարան բացեին»:

Արամ Սարգսյանը խոսել է նաև այլ հարցերի շուրջ, որը կարող եք դիտել տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ