CTBTO-ն առաջին անգամ Հայաստանում տարածաշրջանային վարժանք կանցկացնի

Հայաստանը շարունակում է ամրապնդել իր ներգրավվածությունը միջազգային անվտանգության և գիտատեխնոլոգիական համագործակցության ոլորտներում՝ դառնալով կարևոր հարթակ տարածաշրջանային նախաձեռնությունների իրականացման համար։

Ինչպես հայտնել է ՆԳՆ-ն, Հայաստանի Հանրապետության և Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության (CTBTO) համագործակցության շրջանակում՝ օգոստոսի 3-7-ը Ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում կանցկացվի Արևելյան երկրների համար նախատեսված տարածաշրջանային National Data Center (NDС) աշխատաժողով և սիմուլյացիոն վարժանք՝ նվիրված CTBTO տեխնոլոգիաներին։

Նախաձեռնությունն աննախադեպ է, քանի որ նման մասշտաբի աշխատաժողով առաջին անգամ է անցկացվելու Հայաստանում։

Միջոցառմանը կմասնակցեն շուրջ 25 ներկայացուցիչներ Արևելյան Եվրոպայի տարբեր երկրներից՝ ապահովելով մասնագիտական ակտիվ քննարկումներ և փորձի փոխանակում։
Աշխատաժողովի ընթացքում CTBTO-ի փորձագետները կներկայացնեն կազմակերպության նորարարական տեխնոլոգիաներն ու լուծումները։

Մասնակցության համար գրանցումն արդեն բաց է CTBTO-ի պաշտոնական կայքում։

Ավելի վաղ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել էր CTBTO գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդի գլխավորած պատվիրակությանը և պատրաստակամություն հայտնել ամրապնդելու այս համագործակցությունը։ Ռոբերտ Ֆլոյդը դրական էր գնահատել ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատանքը՝ ընդգծելով Գառնիի սեյսմիկ կայանի տրամադրած ճշգրիտ տվյալների կարևորությունը, ինչը թույլ է տալիս կանխել միջուկային փորձարկումների վերաբերյալ ապատեղեկատվության տարածումը, ամրապնդել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը։

Նման մասշտաբի աշխատաժողով Հայաստանում անցկացվում է առաջին անգամ։

Օրակարգը՝ հետևհալ հղումով՝․ https://www.ctbto.org/node/9368։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ