Շատ կարևոր եմ համարում, որ օգնենք Ղարաբաղից տեղահանվածներին դուրս գալ հոգեբանական փնտրտուքի վիճակից. Փաշինյան

«Մենք այս ամբողջ ընթացքում տարբեր ձևաչափերով անընդհատ կապի մեջ ենք եղել Ղարաբաղից տեղահանված մեր քույրերի և եղբայրների հետ: Կառավարության օրակարգում 2023 թվականից ի վեր այս թեման եղել է առաջնահերթությունների շարքում»:

Այս մասին Ղարաբաղից տեղահանվածների հիմնախնդիրներին և դրանց լուծման քայլերին նվիրված «Ներառական զարգացում. ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով համաժողովի ժամանակ իր ելույթում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք նաև հրապարակային երկխոսության միջոցով փորձել ենք մեր քաղաքականությունների շրջանակն ընդգծել Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների համար՝ մեր ռազմավարական պատկերացումներն ավելի ընկալելի դարձնելու և, ինչպես ես ձևակերպում եմ, Հայաստանում տնավորվելու թեմայի վրա առավել մեծ կենտրոնացվածություն ցուցաբերելու նպատակով:

Ես հույս ունեմ, որ մենք այսօր բավարար ներկայացուցչական կազմ ենք հրավիրել, որովհետև, ինչպես արդեն ասացի, ես էլ անձամբ տարբեր ձևերով շփվել եմ․ մասնավորապես տասնյակ ղարաբաղցիներ ինձ էլեկտրոնային փոստով նամակներ են գրել, պատասխաններ են ստացել, և, իհարկե, այդ նամակները հիմնականում վերահասցեագրվել են մեր գործընկերներին, որպեսզի հարցերն ավելի հասցեական գնահատական ստանան: Այսօր ես հույս ունեմ, որ մենք այս ձևաչափով, որի գաղափարը, ըստ էության, այն խորհրդակցություններն են, որոնք անում ենք Կառավարությունում, մի անգամ էլ անենք մեր այդ ծրագրի շահառուների, նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կազմով»,- նշել է նա:

Փաշինյանը հավելել է, որ դա կարևոր է, որ տեսնեն՝ ինչպես են կայացրած որոշումներն արտահայտվում մարդկանց կյանքում, և փորձեն այդ արձագանքներն ավելի համակարգված ձևով լսել և դրանց պատասխանել:

«Շատ կարևոր եմ համարում, որ մենք օգնենք Ղարաբաղից տեղահանված մեր քույրերին և եղբայրներին, որ հոգեբանական փնտրտուքի վիճակից դուրս գան, որովհետև ես կարծում եմ, որ ինձ համար ակնհայտ է՝ պետք է կենտրոնանանք նրա վրա, որ ՀՀ-ում օգնենք, ամեն ինչով աջակցենք, որ ստանան ՀՀ քաղաքացիություն, երկրորդը՝ տնավորվեն ՀՀ-ում և հարատև իրենց ու իրենց ընտանիքների ճակատագիրը կապեն ՀՀ-ի հետ․ սա և՛ քաղաքական, և՛ հոգեբանական առումով շատ կարևոր է»,- ասել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ 2023 թվականից ի վեր ՀՀ պետական բյուջեից տարբեր ծրագրերով շուրջ 145 միլիարդ դրամ է հատկացվել տեղահանված հայրենակիցների կարիքները հոգալու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ