![]()
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ներկայացրեց շտապօգնության կանչերի վերաբերյալ իրականացված վերլուծության արդյունքները։ Նրա խոսքով՝ ուսումնասիրվել է կանչերի բնույթը և արձանագրվել, որ միջին վիճակագրական ցուցանիշները գերազանցող՝ տարեկան 8–10-ից ավելի կանչերը հիմնականում պայմանավորված են քրոնիկ հիվանդություններով, դեղապահովման խնդիրներով կամ նույնիսկ պարզ գործողություններով, ինչպիսին է, օրինակ, զարկերակային ճնշման չափումը։
Այս տվյալների հիման վրա սահմանվել է տարեկան 8 կանչի ցուցանիշը՝ որպես միջին չափանիշ մեկ քաղաքացու համար։ Միևնույն ժամանակ, նախարարն ընդգծել է, որ կան նաև բացառություններ՝ ճանապարհատրանսպորտային պատահարները, վնասվածքները և այլ արտակարգ դեպքերը չեն ներառվում այս հաշվարկում և դիտարկվում են առանձին։
Նախարարն ընդգծել է, որ շտապօգնության կանչերի սահմանաչափը հաստատված վերջնական և անփոփոխ ցուցանիշ չէ։ Նրա խոսքով՝ եթե վեցամսյա կտրվածքով արձանագրվեն այնպիսի դեպքեր, որոնք իրականում պետք է ընդգրկվեն շտապօգնության ծառայությունների շրջանակում, ապա դրանք կվերանայվեն։
Այս համատեքստում նա նշել է, որ գործընթացը դինամիկ է և ենթակա է շարունակական վերլուծության ու ճշգրտման՝ հիմնվելով փաստացի տվյալների և արձանագրված դեպքերի վրա։
![]()