![]()
Եվրամիությունն ապրիլի սկզբին փորձագետների 9-14-հոգանոց առաքելություն կուղարկի Հայաստան՝ օգնելու իշխանություններին դիմակայելու հիբրիդային սպառնալիքներին և օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներին:
«Ազատության» տրամադրության տակ հայտնված փաստաթղթում նշվում է, որ առաքելությունը Հայաստանում 10-15 օր կանցկացնի: Խումբը պիտի օգնի, որպեսզի Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Անվտանգության խորհրդի գրասենյակը «կիբեռհարձակումների ու օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների իրավիճակներում այդ ճգնաժամերը կառավարելու պլան և կարգավորումներ մշակեն»: Օժանդակության շահառուները նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Ներքին գործերի նախարարությունը, հարկային մարմինները կլինեն:
Եվրամիությունում համարում են, որ Հայաստանը բախվել է ինտենսիվ հիբրիդային գործողությունների, որոնց նպատակն է «խաթարել ժողովրդավարական ինստիտուտները և հասարակության վստահությունը»: Այս գործողությունների մեջ թվարկել են օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաները և միջամտությունը, կիբեռսպառնալիքներն ու ընտրական գործընթացների ապօրինի ֆինանսավորումը:
«Խիստ հավանական է, որ այդ սպառնալիքները կսրվեն 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների նախաշեմին»,- նշվում է Եվրոպայի խորհրդի հավանությանն արժանացած փաստաթղթում:
Փաստաթղթից պարզ է դառնում, որ Հայաստանը Եվրամիությանը դիմել է անցած նոյեմբերին, հունվարին Եվրամիությունից գնահատման խումբ է ժամանել Հայաստան, և այդ այցը «պատկերավոր պատկերացումներ է տվել հիբրիդային սպառնալիքների նկատմամբ երկրի խոցելիության վերաբերյալ»: Փաստաթղթում կոնկրետ օրինակներ նշված չեն:
Ավելի վաղ հայտնել էինք, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել էր, որ տարածաշրջանում ժողովրդավարության կայունության աջակցությունը շարունակում է մնալ կարևորագույն։ «Մենք չենք թողնի, որ Հայաստանը միայնակ դիմակայի արտաքին միջամտությանը»,- ասել էր Կալասը Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
![]()