Նախնական հարցումները ցույց են տալիս, որ մինչև քոքը մաշեցնողը մաշվել է մինչև քոքը. Հակոբյան

«Շատ ակնհայտ էր, որ Ռոբերտ Քոչարյանի անունն են ասելու, անգամ իրենց ընդդիմադիր այլ գործընկերների համար ևս ակնհայտ է, որ նրանց հավաքական վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է: Իրեն ասում են՝ շեֆ դու ամենաուժեղն ես, ամենառեյտինգովն ես, միակ տղամարդն ես, ինքն էլ հավատում է, դրա համար էլ առաջադրվում է»,- Zarkerak.am‑ի հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:

Հակոբյանի խոսքով՝ մեկ է, թե խորհրդարան անցնելու հավանականություն ունեցող ընդդիմությունից ով կանցնի՝ կլինի Քոչարյանն իր որդով, Կարապետյանն իր որդով. «Նրանք չեն տիրապետում իրավիճակին, իրականությունը շոշափելու համար պետք է դուրս գալ ժողովրդի հետ շփվել: Մեր միայն վերջին մեկ ամսվա ընթացքում տարբեր շփումները ցույց են տալիս, որ ունենք սահմանադրական մեծամասնություն ունենալու հնարավորություն: Մենք դրանից առաջ մտածում էինք, որ էլի հաղթելու հնարավորություն ունենք, բայց այս աստիճանի աջակցություն դժվար էր սպասել: Մենք գնացինք ու տեսանք իրականությունը, որն ավելի լավն էր, քան կարող էինք պատկերացնել»:

Անդրադառնալով Քոչարյանի այն հայտարարությանը, թե կարող է ապահովել անվտանգության մոդելի բացարձակ հուսալի ձևաչափ՝ Հակոբյանն ասաց. «Քոչարյանը շատ պարզ հայտարարում է, որ գալու է ու առաջարկելու է, օրինակ՝ բերել երաշխավոր TRIPP-ի համար նաև Իրանին, Չինաստանին և Ռուսաստանին, քաղաքականությունից շատ բոբիկ պետք է լինել, որպեսզի ասել, որ այդ դեպքում ԱՄՆ-ն կանի ներդրում այդ ենթակառուցվածքի վրա: Բոլոր ընդդիմադիր ուժերը հայտարարում են, որ պետք է խաղաղություն, ապաշրջափակում, հարաբերությունների կարգավորում, բայց արժանապատիվ ձևով: Այդ արժանապատիվ բառի ներքո նրանք բերում են բոլոր այն հանգամանքները, որոնք չեղարկելու են այդ համաձայնությունները: Եթե Քոչարյանը հարցը կարգավորող լիներ, կարգավորած կլիներ և նրա լավագույն տարբերակն օրինակ՝ չէր լինի Մեղրին փոխանակել Ղարաբաղի հետ: Թե՛ զարգացումը, թե՛ խաղաղությունը չեղարկվելու է, որովհետև նրանց ծրագրերը դրան են բերելու: Նախնական հարցումները ցույց են տալիս, որ մինչև քոքը մաշեցնողը մաշվել է մինչև քոքը»:

Ըստ Հասմիկ Հակոբյանի՝ «Հայաստան» դաշինքն իր լավագույն մեթոդները 5 տարի հնարավորություն է ունեցել կիրառելու և դա բերել է ՔՊ-ի ռեյտինգի բարձրացման և իրենց մաշեցման. «Եթե դա է իրենց պլանը, ապա մենք սատարում ենք»,- ասաց պատգամավորը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ