Քոչարյանի տնտեսական «աճը». իրական զարգացո՞ւմ, թե կեղծ բարեկեցություն

Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ հայտարարել է թե իբր իր կառավարման տարիներին (1998-2008թթ) տնտեսության որևէ ճյուղ անկում չի ապրել։

Թվերը իհարկե, գոյություն ունեն, որոշ տարիների պաշտոնական վիճակագրությունը նույնիսկ երկնիշ աճ էր ցույց տալիս։ Բայց հարցը այն է՝ այդ աճը ինչի՞ վրա էր հիմնված և որքանով էր իրական։

Այդ ժամանակահատվածը աշխարհաքաղաքական զարգացումների առումով համեմատաբար խաղաղ ու բարենպաստ շրջան էր։ Աշխարհում տնտեսական աճ կար, էներգակիրների գները բարձր էին, և շատ երկրներ արագ էին զարգանում։ Այս ֆոնին Հայաստանը նույնպես արձանագրում էր աճ, բայց դրա հիմքը հիմնականում ներքին տնտեսական քաղաքականությունը չէր։

Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչ ուժը դարձել էին արտերկրից եկող տրանսֆերտները։ Հարյուր հազարավոր հայաստանցիներ աշխատում էին Ռուսաստանում և իրենց վաստակած գումարները ուղարկում էին հայրենիք։ Այդ գումարներն էին սնուցում սպառումը, շինարարությունը և ծառայությունների ոլորտը։ Տնտեսությունը փաստացի նստած էր տրանսֆերտների «ասեղի» վրա։

Այդ աճը չէր ստեղծում մրցունակ արտադրություն, չէր ձևավորում տեխնոլոգիական կամ արդյունաբերական հիմք, չէր բացում կայուն աշխատատեղեր հենց Հայաստանում։

Միևնույն ժամանակ այդ տարիներին խորանում էր տնտեսական մոնոպոլիան։ Տնտեսության առանցքային ոլորտները կենտրոնացված էին մի քանի ազդեցիկ խմբերի ձեռքում, որոնք սերտորեն կապված էին իշխանության հետ։ Մրցակցությունը սահմանափակված էր, նոր բիզնեսների մուտքը՝ դժվարացված։ Աճի արդյունքները հավասարաչափ չէին բաշխվում։ Հարստանում էր իշխանական վերնախավը, իսկ հասարակության լայն շերտերը շարունակում էին ապրել ծանր սոցիալական պայմաններում։

Կարևոր էր նաև մեկ այլ հանգամանք։ Մինչ Հայաստանում տնտեսական աճը մեծապես պայմանավորված էր տրանսֆերտներով և շինարարական բումով, Ադրբեջանը նավթային եկամուտների հաշվին կտրուկ մեծացնում էր իր ռազմական բյուջեն։ Այդ տարիներին Բաքուն արագորեն զինվում էր, իսկ ռազմական բալանսը աստիճանաբար խախտվում էր ոչ Հայաստանի օգտին։

Այսինքն՝ մի ժամանակահատվածում, երբ հնարավոր էր ամրապնդել պետության տնտեսական հիմքերը և անվտանգության համակարգը, Հայաստանը մեծ մասամբ զբաղված էր կարճաժամկետ «աճի» ցուցանիշներով և ներքին հարստացման մրցավազքով։

Արդյունքում ձևավորվեց տնտեսություն, որը կախված էր արտաքին փողերից, իսկ ռազմավարական առումով երկիրը չկարողացավ օգտվել համաշխարհային բարենպաստ իրավիճակից։ Երբ 2008-2009 թթ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամը հարվածեց, այդ մոդելի թուլությունն անմիջապես երևաց։

Ուստի 1998-2008 թվականների «տնտեսական հրաշքի» մասին խոսելիս պետք է հասկանալ մի պարզ բան՝ դա մեծապես թվերի աճ էր, ոչ թե համակարգային զարգացում։ Իսկ թվերով չափվող աճը միշտ չէ, որ նշանակում է իրական առաջընթաց պետության համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ