Բուլղարիան աջակցում է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ»-ին․ վարչապետն ընդունել է նորանշանակ դեսպանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին։

Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստան-Բուլղարիա համագործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկկողմ հարաբերությունները վերջին տարիներին կրում են դինամիկ բնույթ, առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն։ Միաժամանակ երկրի ղեկավարը կարևորել է Բուլղարիայի աջակցությունը Հայաստան-Եվրոպական Միություն փոխգործակցության ամրապնդման գործում։

Նիկոլա Նիկոլովը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Հայաստանը Հարավային Կովկասում Բուլղարիայի կարևոր գործընկերներից մեկն է, և իր երկիրը մեծապես կարևորում է տարբեր ոլորտներում կապերի հետևողական զարգացումը։ Դեսպանը շեշտել է առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման, էներգետիկայի, զբոսաշրջության, տրանսպորտի ոլորտներում համագործակցությանը նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը։ Միաժամանակ Նիկոլա Նիկոլովը հայտնել է Բուլղարիայի աջակցությունը ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։

Հաջորդիվ զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես վերը նշված ուղղություններով, այնպես էլ կրթության, մշակույթի բնագավառներում համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող թեմաների։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ