![]()
Մարտի 16-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է մոնիտորինգային այցով Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի Կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության հարցերով աշխատանքային խմբի անդամներին։
Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանում կանանց իրավունքներին առնչվող քաղաքականությունն ու առաջնահերթությունները, ինչպես նաև անդրադարձել է գենդերային հավասարության ապահովման և կանանց ու աղջիկների նկատմամբ խտրականության վերացմանն ուղղված նախաձեռնություններին և քայլերին:
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանում գենդերային քաղաքականության իրականացումն ինստիտուցիոնալացված է ազգային, տարածաշրջանային և համայնքային մակարդակներում։ Շեշտվել է, որ պետական քաղաքականությունն ուղղված է կյանքի տարբեր ոլորտներում կանանց դերակատարության ընդլայնմանը և ներկայացվածության բարձրացմանը, այդ թվում՝ որոշումների կայացման մակարդակում։
![]()
Անդրադառնալով «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» ՀՀ գործողությունների երրորդ ծրագրի իրականացմանը` ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ այն հաշվի է առնում տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և որպես առաջնահերթություն անդրադառնում է նաև խաղաղության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին:
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշել է նաև, որ Հայաստանը, ներդնելով մարդու իրավունքների ոլորտում հաշվետվողականության ազգային մեխանիզմը, միջազգային մոնիտորինգային մարմինների հետ համագործակցությունը դարձրել է ավելի համակարգված, բաց և թափանցիկ:
![]()