Արտակ Ադամյանն այլևս չի գլխավորի ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը

Արտակ Ադամյանը որոշել է այլևս չշարունակել աշխատանքը Կանանց Հայաստանի ազգային հավաքականում։

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։

ՀՖՖ-ն շնորհակալություն է հայտնել Արտակ Ադամյանին՝ կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում կատարած պրոֆեսիոնալ և նվիրված աշխատանքի համար։

«Արտակ Ադամյանի գլխավորությամբ մեր ընտրանին մեկ քայլ առաջ կատարեց՝ պաշտոնական խաղերում գրանցելով իր առաջին հաղթանակը և ցույց տալով, որ կանանց ֆուտբոլը Հայաստանում զարգացման մեծ ներուժ և խոստումնալից հեռանկար ունի։

Նրա նպատակասլաց և հետևողական աշխատանքի շնորհիվ թիմը կայացավ, և ամուր հիմքեր ստեղծվեցին հետագա հաջողությունների համար։ Այս ամենը հաշվի առնելով՝ համոզված եմ, որ կանանց ազգային հավաքականը նոր հաջողություններ է ունենալու նաև Արտակ Ադամյանի ստեղծած հիմքի շնորհիվ։

Վստահ եմ, որ նրա ներդրած ջանքերը դրական ազդեցություն կունենան Հայաստանում կանանց ֆուտբոլի զարգացման գործում։

Մաղթում եմ Արտակ Ադամյանին նոր հաջողություններ մարզչական կարիերայում»,- հայտարարել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ