Պատրաստ են Հայաստանի պետական շահը զոհաբերել, ջնջել քարտեզից, միայն թե կրկին իշխանության հասնեն. Քլոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ընդդիմադիր որոշ շրջանակների վերարտադրության ձգտումներին ու նախկինում իշխանության եղած տարիների նրանց գործունեությանը:

«Մարդը պետք է սեր և հարգանք ունենա իր ժողովրդի, իր հայրենիքի ու իր պետության նկատմամբ, որպեսզի արժանի լինի մարդ կոչվելուն։

Բայց կան նաև այնպիսիք, որոնց խոսքն ու վարքը ամեն անգամ ապացուցում են, որ իրենց ներսում ոչ թե սեր կա այս երկրի նկատմամբ, այլ խոր ատելություն։

Որքան շատ ես լսում նրա խոսքը, այնքան ավելի ես համոզվում, որ այստեղ խոսքը ոչ թե պետական մտածողության կամ մարդկային արժեքների մասին է, այլ կուտակված ատելության ու վրեժխնդրության մասին։ Այդ ատելությունն այնքան խորն է, որ պատրաստ են մարդկանց ցավ, վիշտ ու նույնիսկ մահ ցանկանալ։

Այս մարդիկ տարիներ շարունակ իրենց իշխանության ընթացքում վաճառել են Հայաստանի ինքնիշխանությունն ու տնտեսությունը, երկիրը ներքաշել են ողբերգական իրադարձությունների մեջ՝ Հոկտեմբերի 27, Մարտի 1, քաղաքական հետապնդումներ ու սպանություններ։ Եվ այսօր էլ, կարծես, դա նրանց համար բավարար չի եղել։

Այսօր նրանք նոր դիմակներով փորձում են վերադառնալ քաղաքական դաշտ՝ իբր փրկիչների կերպարով։ Բայց իրականությունը շատ ավելի պարզ է․ նրանք պարտքեր ունեն որոշ կենտրոնների առաջ և պատրաստ են անգամ Հայաստանի պետական շահը զոհաբերել, ՀՀ-ը ջնջել քաղաքական քարտեզից, միայն թե կրկին իշխանության հասնեն։

Դիմակները կարող են փոխվել, բայց էությունը չի փոխվում։ Երբ մարդու ներսում ատելությունն է, դա երևում է նրա աչքերից, խոսքից, վարքից, նույնիսկ շնչից և ամեն քայլից։

Եվ որքան էլ փորձեն ներկայանալ որպես երկրի փրկիչներ, մի բան ակնհայտ է՝ Հայաստանը երբեք չի կարող ապագա կառուցել այն մարդկանց հետ, ովքեր իրենց անցյալով ապացուցել են, որ պատրաստ են զոհաբերել հենց այդ պետությունը։

ՀԳ.

Չգիտեմ` ճգնավորի կյանքն անգամ քեզ կփրկի՞։

Քո միակ փրկությունը, թերևս, ինքդ քեզանից փրկվելն է»,- գրել է Քլոյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ