Հայտնի են «Սլավյանսկի բազար 2026» մրցույթում Հայաստանը ներկայացնող պատվիրակների անունները

Մարտի 14-ին տեղի է ունեցել «Սլավյանսկի Բազար 2026» ամենամյա մանկական և երիտասարդ կատարողների երաժշտական հեղինակավոր մրցույթի հայաստանյան ազգային նախընտրական եզրափակիչ փուլը։

Մրցույթի կանոնակարգի համաձայն, մանկական կատարողների կազմում ելույթ ունեցան 8-14, իսկ երիտասարդ կատարողների կազմում՝ 18-31 տարեկան տարիքային խմբում գտնվող անհատ կատարողներ։

Նախընտրական փուլի ընթացքում, մասնակիցները կատարել են իրենց նախընտրված երգերը, իսկ պրոֆեսիոնալ ժյուրին նախ գնահատել է մասնակիցների վոկալային տվյալները, ապա նաև բեմական կեցվածքը։

«Սլավյանսկի բազար 2026» մանկական և երիտասարդ կատարողների ամենամյա երաժշտական մրցույթի հայաստանյան ազգային նախընտրական եզրափակիչ փուլի ժյուրին, որը գլխավորում էր ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Գայանե Հովհաննիսյանը, առավելագույն միավորներ ստացած մասնակիցներից ընտրել է հաղթողներին։ Մինչև հաղթողների անունները հայտնի դառնալը, մրցույթի բոլոր մասնակիցները կազմկոմիտեի կողմից ստացան մասնակցության հավաստագրեր։

Այսպիսով, հուլիսի 9-12-ը, Բելառուսի Հանրապետության Վիտեբսկ քաղաքում կայանալիք «Սլավյանսկի բազար 2026» ամենամյա միջազգային մանկական կատարողների մրցույթում Հայաստանը կներկայացնեն 10-ամյա Ալեքսա Վարդանյանը։

Ալեքսա Վարդանյանը սովորում է Չայկովսկու անվան դպրոցում, զբաղվում է նաև պարարվեստով։ «The Voice of the World Armenia» մրցույթին զբաղեցրել է 2-րդ մրցանակային տեղը։ Իսկ Ֆրանսիայում «Armenian Colors» մրցույթին արժանացել է Գրան պրիի և առաջին մրցանակի։ Հունաստանում կայացած «International Festival Greece’s Hope» միջազգային մրցույթում կրկին արժանացել է առաջին մրցանակի։

Իսկ երիտասարդ կատարողների մրցույթում այս տարի Հայաստանը կներկայացնի 22-ամյա Լիանա Դանիելյանը:


Լիանա Դանիելյանն ավարտել է Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջը։ Սովորել է նաև Երգի պետական թատոնում։ Այժմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Դերասանական» բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի է։ Լիանան մասնակցել է «Sanremo Junior» միջազգային մրցույթին և արժանացել 2-րդ մրցանակի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ