![]()
Շատ անձինք չգիտեն, որ սահմանով կանխիկ գումար տեղափոխելիս օրենքը նրանց վրա հայտարարագրման հստակ պարտականություն է դնում, իսկ այդ պարտականությունն անտեսելը կարող է հանգեցնել ոչ թե պարզ տուգանքի, այլ քրեական պատասխանատվության։ Պետական եկամուտների կոմիտեն մարտի 12-ին հայտարարեց, որ շարունակաբար ուժեղացվելու է սահմանով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների նկատմամբ վերահսկողությունը՝ ֆինանսական թափանցիկության ապահովման և հնարավոր իրավախախտումների կանխարգելման նպատակով։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, կարգավորումն ամրագրված է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին», «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև ՀՀ Քրեական օրենսգրքում, որոնք միասին ձևավորում են կանխիկ գումարի սահմանային վերահսկողության իրավական համակարգը։
Ո՞րն է ելակետային կանոնը
«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ռեզիդենտներն ու ոչ ռեզիդենտները կարող են առանց սահմանափակումների և առանց հայտարարագրման ՀՀ տարածք ներմուծել կամ ՀՀ տարածքից արտահանել արժութային արժեքներ, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի։ Այսինքն՝ մինչև 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարը ցանկացած ուղղությամբ կարող է ազատ տեղափոխվել՝ առանց որևէ հայտարարագրման։
Ըստ 5-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Կենտրոնական բանկն իրավունք ունի, ֆինանսական կայունությունն ապահովելու, ռիսկերը կանխարգելելու, ինչպես նաև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կամ վիճակագրական նպատակներով, սահմանել արժութային արժեքների փոխադրման, ներմուծման, արտահանման և հայտարարագրման կարգ ու պայմաններ։ Հենց այդ լիազորության հիման վրա էլ սահմանվել է 10 000 դոլարի շեմը, ինչն այնուհետև ամրագրվել է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀօրենքում։
Ե՞րբ է հայտարարագրումը պարտադիր
«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարը գերազանցող կանխիկ դրամական միջոցների կամ վճարային գործիքների ՀՀ պետական սահմանով կամ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխումը, որն իրականացվել է դրանց մասին հավաստի տեղեկությունը սահմանված կարգով չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու միջոցով, մաքսանենգություն է, որն ունի քրեական հետևանք։
Ուշադրություն. «վճարային գործիքներ» հասկացության մեջ ներառվում են ճանապարհային չեկերը, մուրհակները, բանկային չեկերը, ըստ ներկայացնողի փաստաթղթային արժեթղթերը, ինչը նշանակում է, որ կանոնը կիրառվում է ոչ միայն կանխիկ թղթադրամների, այլ նաև վճարային այլ գործիքների նկատմամբ։
Ի՞նչ քրեական հետևանք կա հայտարարագիր չներկայացնելու դեպքում
ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կանխիկ դրամական միջոցների մաքսանենգությունը, որ կատարվել է խոշոր չափերով, պատժվում է տուգանքով, հանրային աշխատանքներով, որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով, ազատության սահմանափակմամբ կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե արարքը կատարվել է պաշտոնեական լիազորություններ օգտագործելով, մի խումբ անձանց կողմից կամ առանձնապես խոշոր չափերով, ապա ազատազրկման ժամկետը կազմում է 2-5 տարի, իսկ եթե արարքը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից՝ 3-6 տարի։
Ո՞րն է համարվում «խոշոր չափ». Օրենսգրքի 291-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ արարքը «խոշոր չափերով» կատարված է, եթե անօրինական տեղափոխված գումարը գերազանցում է հայտարարագրման շեմի կրկնապատիկը, այսինքն՝ 20 000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարը, իսկ «առանձնապես խոշոր չափ» է, եթե գումարն անցնում է շեմի հնգապատիկը, այսինքն՝ 50 000 ԱՄՆ դոլարը։
Ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը
ՊԵԿ-ի հայտարարության համաձայն՝ 2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին ֆիզիկական անձանց կողմից կանխիկ դրամական միջոցների ներմուծման և արտահանման ավելի քան 450 դեպք է արձանագրվել կամ հայտարարագրվել՝ շուրջ 69 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով։ Դրանցից շուրջ 59.5 մլն ԱՄՆ դոլարի չափով կանխիկ ներմուծվել է ՀՀ, իսկ 9.5 մլն ԱՄՆ դոլարի չափով արտահանվել երկրից։ ՊԵԿ-ն ընդգծում է, որ կանխիկ դրամական միջոցների զգալի մասը տեղափոխվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից։
Կոմիտեն նաև հատուկ նշում է, որ թեև ԵԱՏՄ շրջանակում կանխիկ ներմուծման ու արտահանման վերաբերյալ առանձին կարգավորումներ սահմանված չեն, այնուամենայնիվ, մեծածավալ կանխիկ տեղափոխումը կրում է ստվերային շրջանառության, փողերի լվացման կամ ապօրինի ֆինանսական հոսքերի ռիսկ։
Կարևոր է իմանալ
Մինչև 10 000 ԱՄՆ դոլարը կամ դրան համարժեք գումարն ազատ է տեղափոխվում՝ առանց որևէ հայտարարագրման պարտավորության։ Հայտարարագրման պարտավորությունը ծագում է 10 000 ԱՄՆ դոլարը գերազանցելու ուժով՝ անկախ արժույթի տեսակից, ուղղությունից կամ անցակետից։ Հայտարարագիրը ներկայացվում է մաքսային մարմնին՝ սահմանն անցնելու պահին։ Պետք է նկատի ունենալ, որ «ոչ իր անվամբ հայտարարագրելը» նույնպես արգելված է, ինչը նշանակում է, որ անձը չի կարող մեկ ուրիշի գումարն իր անունով հայտարարագրել կամ հակառակը։ ՊԵԿ-ն հատուկ հորդորում է, հնարավոր ռիսկերից խուսափելու նպատակով, կատարել ֆինանսական գործարքներ բանկային փոխանցումների միջոցով, որոնք առավել անվտանգ և թափանցիկ տարբերակ են, – տեղեկացնում է Iravaban.net–ը ։
ՊԵԿ-ի պաշտոնական հայտարարությանը կարող եք ծանոթանալ այստեղ։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում կարող եք դիմել «ԼԻԳԼ ԸԼԱՅՆԸՍ» իրավաբանական ընկերությանը։
![]()