2025 թվականին Քրեական ոստիկանությունը բացահայտել է 12 սպանության նախապատրաստություն, կանխել դրանք․ ՆԳ նախարար

2025 թվականին Հայաստանում արձանագրվել է սպանության նախապատրաստության 12 բացահայտված դեպք, ինչը, ըստ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի, կարևոր արդյունք է օպերատիվ աշխատանքի տեսանկյունից։

Նախարարը նշել է, որ եթե դիտարկվեն նախորդ տարիների ցուցանիշները՝ սկսած 2010-ականներից մինչև 2024 թվականը, ապա նման բացահայտումները տարեկան կազմել են մեկ, երկու կամ երեք դեպք։ Իսկ 2025 թվականին այդ թիվը հասել է 12-ի, ինչը, ըստ նախարարի, նշանակում է, որ հնարավոր է եղել կանխել 12 մարդու սպանություն։

Արփինե Սարգսյանի խոսքով՝ սպանությունների մի մասը պլանավորված բնույթ է կրում, երբ առկա է նախապատրաստություն, դերաբաշխում և հստակ նպատակադրում։ Նրա համոզմամբ՝ հենց այսպիսի դեպքերում է հատկապես կարևորվում իրավապահ համակարգի օպերատիվ աշխատանքը, քանի որ պետությունը հնարավորություն է ստանում ժամանակին բացահայտել և կանխել հանցագործությունը։

Միաժամանակ նախարարը շեշտել է, որ սա չի նշանակում, թե համակարգում խնդիրներ չկան։ Ըստ նրա՝ առկա են թե՛ գործիքակազմի հարստացման, թե՛ աշխատակիցների կրթության, թե՛ իրավապահ մարմինների միջև ավելի կուռ համագործակցության խնդիրներ։

«Եվ մենք այս ամենը հենց որպես խնդիր ենք արձանագրում, որպեսզի այս տարվա ընթացքում կրկին կենտրոնացնենք մեր ջանքերը՝ օպերատիվ աշխատանքը բարելավելու վրա», -ընդգծել է Ներքին գործերի նախարարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ