![]()
Ավարտվել է COP17 նախագահության պաշտոնական այցը Կանադա՝ ՄԱԿ «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի (CBD) քարտուղարություն։ Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը։
«Ացը կարևոր հնարավորություն էր Հայաստանի համար՝ որպես COP17 համաժողովի նախագահող երկիր, առավել խորացնելու համագործակցությունը Կոնվենցիայի քարտուղարության և միջազգային գործընկերների հետ, ինչպես նաև համադրելու առաջիկա համաժողովի կազմակերպչական և բովանդակային գործընթացները։
Քննարկումների ընթացքում անդրադարձել են COP17-ի կազմակերպման և լոգիստիկ ապահովման, բարձր մակարդակի հատվածի և առաջնորդների գագաթնաժողովի նախապատրաստման հարցերին, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանությանն առնչվող մի շարք կարևոր թեմաների, որոնք լինելու են համաժողովի օրակարգի առանցքում։
Նախարար Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերին և քարտուղարության գործընկերներին արդյունավետ քննարկումների և կառուցողական համագործակցության համար։
Լիահույս է, որ այս հանդիպումները կարևոր քայլ են Հայաստանի կողմից COP17-ին համակարգված և արդյունավետ նախապատրաստվելու, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ համագործակցությունն առավել ամրապնդելու տեսանկյունից»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
![]()