![]()
Հայաստանն այս պահին միակ պետությունն է, որի հետ ԵՄ-ն ակտիվ երկխոսություն է վարում վիզաների ազատականացման թեմայով։
Այս մասին սոցցանցի իր էջում հրապարակած տեսանյութում ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն՝ անդրադառնալով ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարի այցին Հայաստան։
«Հանձնակատարը բարձր է գնահատել վերջին տարիներին միգրացիայի կառավարման բարելավման և ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ Հայաստանի արձանագրած զգալի առաջընթացը։
Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը դրական զարգացում ունի և ԵՄ-ն լիովին աջակցում է այս ջանքերին։
Համատեղ արձանագրեցինք, որ գործընթացը ՀՀ-ԵՄ երկկողմ հետաքրքրությունների ուղիղ կենտրոնում է։ Եվրոպացի գործընկերս նշեց, որ եթե բարեփոխումների այս տեմպը պահպանվի, առաջիկա տարիներին առանց վիզայի ճանապարհորդելն իրատեսական է։
Անկեղծորեն ասեմ, որ բացի այս արձանագրումից, որպես հայկական կողմի գլխավոր բանակցող, հանդիպումներն ինձ մոտ ավելի ամրապնդեցին այն զգացողությունները, որ մենք ճիշտ ճանապարհին ենք և հետևողականորեն պետք է գնանք առաջ։
Վստահություն ունեմ, որ մայիսին, երբ կստանանք գործողությունների առաջընթացի վերաբերյալ առաջին զեկույցը, կարձանագրենք փոխադարձ գոհացնող արդյունքներ»,- ասել է նախարարը։
![]()