ԱՄՆ-ը տարածաշրջանում ապահովել է 25 մլրդ դոլարի պայմանագրեր․համագործակցության հեռանկարներ նաև Հայաստանի համար

Միացյալ Նահանգների Առևտրի նախարարությունը հայտարարել է, որ 2025 թվականին Կենտրոնական Ասիայում ամերիկյան ընկերությունների համար ապահովվել են օտարերկրյա կառավարությունների գնումների շուրջ 25 միլիարդ դոլարի պայմանագրեր։

Ըստ նախարարության՝ այս արդյունքը հնարավոր է դարձել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Առևտրի նախարար Հովարդ Լութնիքի նախաձեռնությունների և աշխատանքի շնորհիվ։

Նշվում է, որ ձեռք բերված համաձայնագրերը շոշափելի տնտեսական օգուտներ են ապահովում ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ տարածաշրջանի երկրների կառավարությունների համար՝ միաժամանակ խորացնելով տնտեսական համագործակցությունը մի շարք առանցքային ոլորտներում։ Դրանց թվում են օգտակար հանածոների արդյունահանումը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, ինչպես նաև էներգետիկան։

Միաժամանակ ընդգծվում է, որ ԱՄՆ Առևտրի նախարարությունը մտադիր է շարունակել ակտիվ համագործակցությունը բիզնես համայնքի և տարածաշրջանային գործընկերների հետ՝ նպաստելու փոխշահավետ առևտրային և ներդրումային ծրագրերի զարգացմանը։

Այս համատեքստում նշվում է նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի վերջերս իրականացրած այցը Հայաստան և Ադրբեջան, որը նպատակ ուներ խթանել տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը։

Այս մասին հայտնել է ԱՄՆ առևտրի քարտուղարի տեղակալ Դեյվիդ Լ․ Ֆոգելը, ով նաև հանդիսանում է ԱՄՆ Առևտրի նախարարության միջազգային առևտրի ադմինիստրացիայի շրջանակում Միացյալ Նահանգների և արտաքին առևտրային ծառայության գլխավոր տնօրենը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ