Սամվել Կարապետյանը քաղաքական ցոգոլ է՝ արդեն խփված. նա ձայն կարող է ստանալ Կալուգայում. Լևոն Շիրինյան

«Այսպես կոչված սոցիոլոգիական հարցումները խնամքով կազմակերպվում են, սակայն դրանք որևէ բան չեն տալիս՝ բացի մանիպուլյացիայից»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Ուժեղ Հայաստան»-ի հրապարակած հարցումներին, ըստ որի՝ Երևանում Սամվել Կարապետյանը հավաքել է երկու անգամ ավելի շատ ձայն, քան Նիկոլ Փաշինյանը՝ ասաց «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Շիրինյանի խոսքով՝ ընտրություններին մնացել է երկու-երեք ամիս, այդ ժամանակ պարզ կլինի՝ ով է լինելու վարչապետը. «ՔԺԿ-ի կարծիքով վարչապետը լինելու է Նիկոլ Փաշինյանը և դա անառարկելի է: Իրենց խնդիրը մանիպուլացնելն է, իրենք ֆունկցիա են կատարում, անընդհատ ինչ-որ բան են շրջանառում, դրա փոխարեն լավ կլինի, որ ժողովրդի մեջ ներկայանան առանց «ախրանայի», իրենք ռուսական սեգմենտ են և տրոյական ձի են ներդրված հայ քաղաքական դաշտում: Այդ բոլորը քաղաքական իրադարձությունը խեղաթյուրելու նպատակ ունեն»:

Անդրադառնալով Սամվել Կարապետյանի վարչապետի թեկնածու լինելուն՝ Շիրինյանը նշեց. «Սամվել Կարապետյանը եկավ այստեղ, որպեսզի դառնա քաղաքական կերպար, ջանքեր թափեցին, որ նրանից ֆիգուր ստեղծեն, դա էլ այնպես եղավ, ինչպես Արարատյան դաշտում լինում է, ասում էին՝ ծիրանի բերքը շատ լավ է լինելու, մեկ էլ կարկուտը տալիս է, ցոգոլը խփում է, Սամվել Կարապետյանը քաղաքական ցոգոլ է՝ արդեն խփված, մնացածը հեքիաթ են: Ինքը ձայն կարող է ստանալ Կալուգայում, որովհետև իր հայրենինքն այնտեղ է»:

Ինչ վերաբերում է իր թիմի հաղթելուց հետո Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու հայտարարությանը՝ Լևոն Շիրինյանն ասաց. «Նա հաղթելուց առաջ պետք է հրաժարվի: Այդ հայտարարության մեջ քաղաքական սկզբունքայնություն չկա: Հիմա թող հրաժարվի, չի հրաժարվում, որովհետև չի անցնելու, Ռուբեն Վարդանյանի օրինակն իր աչքի առաջ է: Կարապետյանը երևի Մոսկվայից փախել է, եկել այստեղ հանգիստ նստել է»:

Շիրինյանը խոսեց նաև «Ուժեղ Հայաստան»-ի առաջարկած տնտեսական ծրագրերի մասին. «Նրանք չհասկացան, որ մեր ժողովուրդը գեհենով է անցել, գողեր, օլիգարխներ, այդ բոլորը տեսել է, այսինքն՝ ժողովուրդը երկրորդ անգամ պե՞տք է մտնի այդ ջուրը, չի մտնելու: Ես էլ կարող է ասեմ՝ ես, որ լինեմ վարչապետ 200 տոկոսով աշխատավարձերը բարձրացնելու եմ, ով է հավատալու»:

Լևոն Շիրինյանը նաև ընդգծեց, որ այժմ սահմաններին հանգիստ է, կրակոց չկա ու մարդիկ ապրում են. «Խաղաղ չի ինչ է, իրենց համար խաղաղ չի, որովհետև նստած են»,-ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ