![]()
ՀՀ Սահմանադրական դատարանը մերժել է Ազգային ժողովի մի շարք ընդդիմադիր պատգամավորների դիմումը՝ անփոփոխ թողնելով էներգետիկայի ոլորտը կարգավորող մի շարք առանցքային օրենսդրական դրույթներ։ Այդ մասին ասված է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի Ֆեյսբուքի էջում:
«Սահմանադրական դատարանը դրանով փաստել է, որ այդ իրավակարգավորումներն ամբողջությամբ համապատասխանում են Սահմանադրության պահանջներին և սահմանադրական կարգավորումներին։
«Սահմանադրական դատարանը որոշեց.
«Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի «գ» կետը համապատասխանում է Սահմանադրությանը:
«Էներգետիկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանը:
«Էներգետիկայի մասին» օրենքի 52.1-ին հոդվածի 1-ին, 2 և 3-րդ մասերը համապատասխանում են Սահմանադրությանը։
«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը»:
Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Մյուս մասերով գործի վարույթը կարճվել է:
Սահմանադրական դատարանի որոշումն ամբողջությամբ կհրապարակվի օրենքով սահմանված կարգով՝ եռօրյա ժամկետում։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3-ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Հունիսի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ կարծում եմ՝ հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
![]()