![]()
ՀՖՖ-ն հերքում-պարզաբանում է ներկայացրել՝ անընդունելի համարելով հանրությանը միտումնավոր մոլորեցնելու քայլերը։
«Մեր խորին զարմանքն ու վրդովմունքն ենք հայտնում նմանօրինակ էժանագին զրպարտանքի կապակցությամբ։ Անընդունելի է ընտանիքի անդամների անունները շահարկելը և հանրությանը միտումնավոր մոլորեցնելը։
Հիշեցնում ենք, որ ստահոդ լուրեր տարածելը և անձի բարի համբավն արատավորելը առաջացնում են իրավական պատասխանատվություն։ Զրպարտություն տարածողները պետք է պատրաստ լինեն պատասխան տալ օրենքի ամբողջ խստությամբ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական հարթություններում։
Տեղեկացնենք, որ Արմեն Նիկողոսյանի եղբորորդին՝ Տիգրան Նիկողոսյանը, ծառայել է ՀՀ զինված ուժերում 2007-2009 թվականներին։ Նրա եղբայրը՝ Հենրիկ Նիկողոսյանը, սահմանված կարգով անցել է պարտադիր զինվորական ծառայություն 2008-2010 թվականներին։
Ավելին՝ Հենրիկ Նիկողոսյանը եղել է պրոֆեսիոնալ թենիսիստ, Հայաստանի բազմակի չեմպիոն և ՀՀ սպորտի վարպետ։ Ծառայության ընթացքում՝ 2009 թվականին, նա Կոտ դ’Իվուարում մասնակցել է Դևիսի գավաթին (տվյալներն առկա են www.daviscup.com կայքում)։
Արմեն Նիկողոսյանի որդին՝ Էդգար Նիկողոսյանը (ծնված՝ 23.07.1995), զինվորական ծառայությունից ազատվել է բացառապես օրենքով նախատեսված հիմքով, ոչ ֆուտբոլի պատճառով։ Էդգար Նիկողոսյանը զինվորական ծառայությունից ազատվել է դեռևս 2013 թվականին, երբ Արմեն Նիկողոսյանը չէր աշխատում ՀՖՖ-ում։
ՀՀ օրենսդրությամբ զրպարտության համար նախատեսվում է խոշոր փոխհատուցում (քաղաքացիական օրենսգիրք), իսկ որոշ դեպքերում նաև քրեական հետապնդում՝ կախված հանգամանքներից»,- ասվում է հերքման մեջ։
![]()