![]()
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը հրապարակել է ԽՍՀՄ գլխավոր շտաբի քարտեզից մի հատված՝ նշելով, որ այն կարող է հիմք լինել Հայաստան–Ադրբեջան սահմանազատման համար, և զգուշացրել է չհենվել Google-ի կամ այլ էլեկտրոնային քարտեզների վրա։
«Ահա Վարդենիսի արևելյան մասը, Զարքենդը Կութն է: Սա էն քարտեզն է, որը համարվում է ԽՍՀՄ գլխավոր շտաբի վերջին քարտեզը, ՀԽՍՀ-ԱԽՍՀ վարչական սահմանը (էն ժամանակ պետական չէր): Հավես ունեք՝ կարող եք գուգլի այդ կտորի պատկերի հետ համեմատել այս սահմանը: Այս քարտեզի այդ սահմանները ոչ մի կերպ նույնական չեն Գուգլի կամ այլ էլ. հարթակների քարտեզների հետ:
Հարգելի հետազոտողներ, պատասխանատու հետազոտողներին նկատի ունեմ, լրագրողներին և ԶԼՄ-ներին, կարիք կունենաք՝ իմաց տվեք, կտրամադրեմ այդ և այլ քարտեզների կտորները, որպեսզի տեսնեք այն սահմանը և այլ տեղորոշիչները: Համացանցում կարող է չգտնեք: Գուգլի գծագիրը հիմք մի ընդունեք, սխալվելու եք: Սա է հիմքը, ըստ որի (եթե լինի) սահմանազատումը պիտի լինի:
Քարտեզը կազմված է 1952-ի հանույթի հիման վրա, թարմացված է 1978 թվին, տպվել է 1979-ին: Կոորդինատային համակարգը՝ 1942 թ.: Մեկ վանդակում 2000 մետր է: Մասշտաբը 1:100.000»,- գրել է նա:
![]()
Հիշեցնենք՝ ՊՆ-ն օրեր առաջ անդրադարձել էր լուրերին, թե, իբր, 2025 թվականի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ն ՀՀ ինքնիշխան տարածքում տեղակայել է նոր դիրք:
«Այս շրջանառվող կեղծ տեղեկությունները ուղեկցվում են Google Earth ծրագրային ապահովման տիեզերալուսանկարներով, որոնց կապակցումն իրականության հետ ունի շեղումներ, իսկ վրայի սահմանագիծը չունի իրավական հիմք: Այս մասին նաև Google Earth ծրագիրն է տեղեկացնում:
Ադրբեջանի ԶՈՒ դիրքը չի հատում ՀՀ պետական սահմանագիծը և գտնվում է Ադրբեջանի Հանրապետության տարածքում»,- նշել է նա:
![]()