![]()
«Հաղորդակցությունների հետ կապված՝ մենք առաջ ենք գնում, աշխատում ենք շատ ակտիվ»:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ընկալում կա Ադրբեջանում, Թուրքիայում, որ կարո՞ղ է Հայաստանը փորձի ձգձգել: Ինչի՞ համար Հայաստանը պետք է փորձի ձգձգել: Մենք ընդհակառակը ուզում ենք՝ րոպե առաջ այդ խնդիրը լուծվի. րոպե առաջ՝ առանց չափազանցության, որովհետև դա ֆունդամենտալ կարևոր հարց է մեր այսօրվա և ապագայի մեր պատկերացրած ճարտարապետությունը իրականացնելու տեսակետից:
Էլի ուզում եմ վերահաստատել, որ մենք պատրաստ ենք Կոռնիձորից Երասխով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության կապը: Շատ կարևոր է արձանագրել, թե ինչու ենք մենք այս առաջարկն անում, որովհետև մենք հիմա փաստացի Ադրբեջանի երկաթուղուց օգտվում ենք: Չենք ուզում, որ մեր օգտվելը լինի միակողմանի, ուզում ենք, որ մենք էլ, համապատասխանաբար, քայլ քայլի դիմաց մեր քայլն անենք: Մի անգամ առաջարկել ենք Թուրքիա-Ադրբեջան հաղորդակցությունը, հիմա առաջարկում ենք Կոռնիձորից Երասխով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև և հակառակ ուղղությամբ կապն ապահովել, մանավանդ որ ԻԻՀ-ում տեղի ունեցող իրադրությունների պայմաններում ոնց որ թե հարավով այդ կապի հետ կապված խնդիրներ կան:
Ինչո՞ւ ենք այս երթուղին առաջարկում: Որովհետև ուրիշ երթուղի չկա, որ պատրաստ ճանապարհ լինի, չկա: Դա այսօր հնարավոր է օգտագործել:
Երասխի հատվածում մի փոքր վերանորոգման անհրաժեշտություն կա, բայց նույնիսկ առանց վերանորոգման այսօր էլ մեքենա կարող է գալ-անցնել: Եթե հարմար դիտվի՝ Իջևան-Ղազախ հատվածով էլ կարող ենք ապահովել, այսինքն՝ այնտեղ էլ մի կտոր կա, որ տեսականորեն կարող են մեքենաներն անցնել: Առաջարկում ենք, նախ, խաղաղությունն ամրապնդելու տրամաբանությամբ, և այսօր մենք փաստացի Ադրբեջանի երկաթուղուց օգտվում ենք: Այնպես չլինի, որ մենք իրենց երկաթուղուց օգտվում ենք, և մտածում ենք, որ իրենք մեր ճանապարհներից պետք է չօգտվեն. չենք մտածում, մտածում ենք, որ պետք է օգտվեն»,- ասել է վարչապետը:
![]()