Վենսին նման գիրք նվիրելը ես համարել եմ սադրիչ գործողություն. վարչապետը՝ Էդիտա Գզոյանի ազատման որոշման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը իր ցուցումով աշխատանքից ազատման դիմում է գրել:

Ըստ վարչապետի՝ Գզոյանը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Ցեղասպանության հուշահամալիր այցի ժամանակ ուղեկցելիս նրան նվիրել է արցախյան հիմնահարցին վերաբերող գիրք։

«Այո, ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի։ Ես դա համարել եմ Կառավարության վարած քաղաքականությանը հակառակ, սադրիչ գործողություն և խնդրել եմ, որ դիմում գրի»,- ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ երբ երկրի վարչապետը ասում է՝ Ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին արցախյան հիմնահարցի թեմայով գիրք նվիրելն անհասկանալի է ու սադրիչ:

«Այս երկրում քանի՞ հոգի կարող է արտաքին քաղաքականություն վարել։ ՀՀ-ում արտաքին քաղաքականություն վարում է ՀՀ կառավարությունը, և ով ՀՀ պետական պաշտոնյայի արտաքին քաղաքականությանը հակասող բան կասի, պետք է ազատվի աշխատանքից։

Մենք պետությո՞ւն ենք, թե՞ ինքնագործ խմբակ, որտեղ մեր ստեղծագործական պոտենցիալն ենք փորձարկում։ Սա պետություն է՝ հստակ իր կառավարման տրամաբանությամբ, և այդտեղ չքմեղանալու բան չկա»,- եզրափակել է վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ