Հաղթահարել ենք ուրիշների կողմից մեզ պարտադրված հայրենասիրության մոդելները, այսօր ՀՀ-ն չի գոյատևում, կա ու զարգանում է. Փաշինյան

«2018 թվականի հեղափոխությունից հետո կոռուպցիայի ընկալման համաթվերում շատ մեծ առաջընթաց արձանագրեցինք, բայց մի իքս պահի և այսօր էլ որոշակի լճացում կա: Կարծում եմ՝ մենք պետք է մեր երկրում հակակոռուպցիոն ստանդարտներն ավելի խստացնենք, ավելի բարձր ստանդարտներ սահմանենք»,- Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ մեզ հարկարվոր է սեփական աշխատանքի վրա գերկենտրոնացած պաշտոնյա. «Մենք պետք է որոշ ժամանակ անց պետական համակարգում ծառայության անցնելու ավելի բարձր ստանդարտ սահմանենք: Մենք պետք է բացառենք այն իրավիճակը, երբ ունենում ենք իրադրություններ, երբ մարդը պետական համակարգում անցնում է աշխատանքի այն պատճառով, որ ուղղակի ավելի մրցունակ հատվածում պարզապես չի կարող աշխատանք գտնել, սրանից տուժում է պետությունն ու հանրությունը: Այս ուղղությամբ ներդումները բերում են լրացուցիչ արդյունքներ և դրանք կարող ենք այսօր մատնացույց անել, դա առողջության ապահովագրության համակարգն է, կենսաթոշակները բարձրացնելու հնարավորությունն է, այդ լրացուցիչ արդյունքը խաղաղությունն է: Եկեք արձանագրենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը որոշակի համակարգային աշխատանքի արդյունք է և դա կատարում են մարդիկ»:

Փաշինյանը նկատեց, որ ՀՀ-ում սովորաբար քննադատություններին արձագանքն արդարանալն է. «Քննադատությունների արձագանքը պետք է լինի հետևյալը՝ մենք մեր դիրքորոշումները սկզբունքային ձևով պետք է պաշտպանենք: 2020 թվականից հետո իրադրությունների բերումով գտնվում էինք բացատրողի, պարզաբանողի դերում, որը նորմալ էր, որովհետև կային նրբություններ, որոնք մենք էլ հասկանալու անհրաժեշտություն ունենինք: Հիմա մենք գտնվում ենք մի կետում, երբ մենք մեր ձևավորած ՀՀ-ն պետք է պաշտպանենք շատ ամուր, շատ սկզբունքային: Աշխարհում չկա այդպիսի երկիր, որտեղ չլուծված խնդիր չկա: Մեր ձևավորած Հայաստանը լավ Հայաստան է, հեռանկար ունեցող Հայաստան է, անվտանգ, ապահով Հայաստան է: Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, որովհետև մենք հասել ենք պատմական նվաճման, մենք հաղթահարել ենք 1500 տարի մեզ հետ տեղի ունեցող պատմական ցիկլերը, մենք հաղթահարել ենք ուրիշների կողմից մեզ պարտադրված հայրենասիրության մոդելները: Այսօր ՀՀ-ն չի գոյատևում, կա ու զարգանում է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ