![]()
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Եվրոպական խորհրդարանում ՀՀ վարչապետի ունեցած ելույթին ու վերլուծելով այն:
«Եվրոպական խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթում շատ հետաքրքիր, խոր դրվագներ կային։
Եկեղեցու ու եկեղեցականների պահը չափազանց դիպուկ էր, շիտակ, ամփոփ, թեպետ ամաչելու։
Տրանսպորտային հաղորդակցության վերաբերող հատվածները անթերի էին, հրաշալի միահյուսված ԵՄ-ի, Վրաստանի, Ծոցի ու Հնդկական օվկիանոսի ավազանի բոլոր երկրների շահերի հետ, որտեղ ԵՄ-ն հետաքրքրություններ ունի։
Վերին աստիճանի բազմաշերտ էր Ադրբեջանի տարածքով դեպի Կենտրոնական Ասիա տանող ուղղությունը, որը նույնպես ստրատեգիական է ԵՄ-ի համար։ Թուրքիայի ու Ադրբեջանի մասով ասվածները շատ խորքային ուղերձ էին ԵՄ-ին իր անելիքների մասով…։
Ժողովրդավարության ու խաղաղության կապի մասն անթերի էր։
Իրանի պահը չափազանց հասկանալի էր։ Վրաստանի պահն արտակարգ էր։ Մեր հարևանները, վստահ եմ, գնահատելու են դա։ Երկուսի հարցերի ֆրեյմինգը Հայաստանի ու ԵՄ ընդհանուր շահերի դաշտում շքեղ էր։
Թերություններն ու բացերը
Հայաստանի եվրաինտեգրման նկրտումների ձևակերպումը լավն էր, թեպետ վարչապետը կարող էր նշել, որ դա օրենքի ժողովրդական առաջին նախաձեռնությունն էր, որը կազմակերպեցին քաղհասարակությունն ու արտախորհրդարանական ուժերը, ապա օրենքն ընդունեց խորհրդարանական մեծամասնությունը՝ այդպիսով ընդգծելով այդ հարցում առկա բավական լայն կոնսենսուսն ու բոլոր դերակատարների ներդրումը։ Ավաղ, դա ելույթում չէր երևում։
Դեպի խաղաղության ամրապնդման ճանապարհին պետք է ընդգծվեր ԵՄ ու նրա դիտորդական առաքելության դերը, որը զարմանալիորեն բացակայում էր։
Պետք էր խոսել Հայաստանի ժողովրդավարության ու դիմակայունության գործում ԵՄ մեծ աջակցության մասին, կրկին դա չկար։ Պետք է կարևորվեր ԵՄ-Հայաստան ռազմավարական գործընկերության օրակարգի ստորագրումը, կրկին չկար։
Իհարկե, շատերս կուզեինք, որ այլ ռակուրսից խոսվեր նաև Լեռնային Ղարաբաղի դրամայի մասին, բայց դա, ցավոք, այլ դինամիկաներ էր բերելու այս բարդ պրոցեսում ու տարածաշրջանում, ու նաև ներկայիս աշխարհի վիճակում Եվրոպայի թիվ մեկ դարդը ու պրոբլեմը դա չէ, ու երևի նաև Եվրոպան պատրաստ չէ իր մասով ընդունելու իր թուլությունն ու ձախողումը այդ ու մյուս հարցերում…։
Բայց այս ամենով հանդերձ, ելույթը ավելին էր, քան լավը։ Գոհ եմ»,- գրել է Սաֆարյանը:
![]()