![]()
Մարտի 11-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Մատենադարանում հանդիպել է ՀՀ Հանրային խորհրդի անդամների հետ։ Քննարկվել են ներքին անվտանգության, միգրացիոն քաղաքականության և վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցեր։
Արփինե Սարգսյանը, որպես Հայաստանի կողմից ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի գլխավոր բանակցող, ներկայացրել է իրականացված աշխատանքները՝ անդրադառնալով Գործողությունների ծրագրի կատարման ընթացքին, ԵՄ կողմից իրականացված գնահատման արդյունքներին և սահմանված հենանիշային ուղղությունների առաջընթացին։
ՆԳ նախարարն ընդգծել է Հայաստան-ԵՄ արդյունավետ համագործակցությունը՝ բարձր գնահատելով գործընթացում ԵՄ առաջնորդությունն ու կառուցողական ներգրավվածությունը։ Նախարարի խոսքով՝ հաջողության համար վճռորոշ է ոչ միայն բարեփոխումների ծավալը, այլև դրանց պատշաճ իրականացումը։ Այդ համատեքստում նա վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ Գործողությունների ծրագրով նախատեսված հենանիշերը լիարժեք և որակով իրականացնելու ուղղությամբ։
Հանրային խորհրդի անդամները նախարարին հարցեր են ուղղել ԵՄ վիզաների ազատականացման հնարավոր ժամանակացույցի, հանցավորության դեմ պայքարի և կանխարգելման քայլերի, ինչպես նաև միգրացիոն հոսքերի կառավարման քաղաքականության վերաբերյալ։
Հանդիպման ավարտին Հանրային խորհրդի նախագահ Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել նախարարին բաց և արդյունավետ քննարկման համար։
Արփինե Սարգսյանը ևս կարևորել է հանդիպումը՝ այն դիտարկելով որպես պետության և հասարակության միջև երկխոսության արդյունավետ ձևաչափ։
Հանդիպումից հետո Արփինե Սարգսյանը, Արա Խզմալյանի ուղեկցությամբ, շրջայց է կատարել Մատենադարանում՝ ծանոթանալով հին ձեռագրերի վերականգնման ու պահպանման գործընթացին, ինչպես նաև մշտական ցուցադրության նմուշներին։
![]()