Որոշ հոգևորականներ ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը, փորձում են զոհաբերել ՀՀ անկախությունը․ վարչապետ

Խաղաղության դեմ տարվող այս պրոցեսում որոշ հոգևորականների ներգրավվածության թեմային չէի անդրադառնա, եթե չտեսնեի, թե ինչպես են այդ հոգևորականների էմիսարները ևնրանց հետ փոխկապակցված որոշ լոբբիստական կազմակերպությունների ներկայացուցիչներ Եվրոպական խորհրդարանում և միջազգային հեղինակավոր այլ կառույցներում փորձում տարածել, թե Հայաստանի Կառավարությունը սահմանափակում է խղճի ազատությունը, թե Հայաստանում բռնապետություն է հաստատվում, թե Հայաստանում կան քաղբանտարկյալներ։

Այս մասին Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով․

«Իրականությունն այն է, որ որոշ հոգեւորականներ, ովքեր ցինիկ կերպով խախտել են հոգեւոր բարեվարքության բոլոր կանոնները, այդպիսով՝ իրենք իրենց խոցելի դարձրել օտարերկրյա հատուկ ծառայությունների համար (ի դեպ՝ նրանցից ոմանց ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ լինելու փաստը ապացուցվում է փաստաթղթերով), ահա այդ հոգեւորականները Հայաստանի Հանրապետությունում ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը՝ իրենց շուրջ հավաքելով Հայաստանի նախկին ղեկավարներին, նրանց հետ կապված որոշ ուժերի, որոշ ռուսաստանաբնակ եւ բելոռուսամետ օլիգարխների, եւ փորձում են Հայաստանի անկախությունը զոհաբերել երրորդ երկրների շահերին։

Մենք նոր հակամարտություն, նոր պատերազմ թույլ չենք տալու, մենք թույլ չենք տալու, որ հազարավոր զոհերի գնով ձեռքբերված գիտակցությունը, խաղաղությունն ու անկախությունը մատաղ արվի հակաքրիստոնեական նպատակների համար։ Մեր՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատարագի տեքստում ավելի քան 40 անգամ հիշատակվում է խաղաղություն բառը, ու դա ոչ միայն մարդու, ոչ միայն հոգու, այլեւ համաշխարհային խաղաղության մասին է, որի մասին մեր պատարագի կանոնական տեքստում տասնյակ աղաչանքներ կան, մեր տեր եւ փրկիչ Հիսուս Քրիստոսին, իսկ այսօր ոմանք Քրիստոսի խորանը օգտագործում են հակամարտություն, պատերազմ եւ/կամ ներհայաստանյան բռնություն քարոզելու համար՝ հատելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմանները։ Սա չի կարող հանդուրժվել որեւէ ժողովրդավարական երկրում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ