![]()
Տավուշի մարզի Կիրանց գյուղը, որը եկեղեցական-ընդդիմադիր շարժման առաջնորդներն իրենց սիմվոլն էին դարձրել, մարդկանց համոզելով, թե գյուղը դատարկվելու է ու լքվելու, սահմանազատումից հետո տների մոտ 50 տոկոս աճ է ունեցել Կառավարության աջակցությամբ եւ այսօր բացարձակապես խաղաղ, անվտանգ ու գունագեղ բնակավայր է։ Իսկ հնամյա եկեղեցիները վերականգնվում են կամ նորոգվում։
Այս մասին ԵԽ-ում ունեցած ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Անձամբ ես, քաղաքացիների խմբերի այցելություններ, շրջագայություններ եմ կազմակերպում Տավուշի մարզի Կիրանց գյուղ՝ մարդկանց ցույց տալու, թե ինչ նկատի ունենք խաղաղություն ասելով, ինչ նկատի ունեմ Իրական Հայաստան ասելով, որի սիմվոլը՝ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի պատկերը, կրում եմ կրծքիս։
Սա նաեւ խաղաղության սիմվոլն է, որովհետեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղություն ենք հաստատել միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը ճանաչելով 1991 թվականի դեկտեմբերի 21–ի Ալմա-Աթայի Հռչակագրի հիման վրա, համաձայն որի՝ Խորհրդային Ադրբեջանը դարձել է անկախ Ադրբեջան, Խորհրդային Հայաստանը դարձել է անկախ Հայաստան, եւ սա անկախ Հայաստանի տարածքի քարտեզի ուրվագիծն է»։
![]()