![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ Արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրությունն արտահայտում է այն մտահոգությունները, որ ուներ իշխող ուժը, այն է՝ արտաքին ազդեցության միջոցով փորձ է արվելու ազդել ընտրողների դիրքորոշման վրա:
Թե որ երկրից է դա տեղի ունենում, պատգամավորը ընդգծում է՝ ավելի քան պարզ է:
«Մեր հայրենակիցների մեծ մասը հիմնականում արտագնա աշխատանքի է մեկնում ՌԴ, նաև հաշվի առնենք, թե ովքեր են քաղաքական դաշտում այսօր դիրքավորվել: Որոշակի դրվագներ կան, որ ընտրություններից առաջ մարդիկ են ուզում բերել ՀՀ: Մեր քաղաքացիները պիտի իմանան, որ նախկին փորձը կրկնվելու է․ դիմելու են, զանգեն, ասեն՝ սա իմ ընկերն ա, սա իմ ախպերն ա, սա իմ քավորն ա, ընտրենք էս մարդուն, որ իմ գործը չկորցնեմ, ընտրենք սրան, որ ավելի լավ ապրենք: Քաղաքացիները պետք է պետական շահով առաջնորդվեն և ընտրեն խաղաղությունը կամ լավ ախպոր լավ ախպորը»,- նկատում է Հովհաննիսյանը:
Վերջինս միաժամանակ շեշտում է՝ պետության դեմ դուրս գալ չեն կարող. «Իրենց ողջ ռեսուրսով չեն կարող հաղթել ՀՀ քաղաքացուն, էս մարդիկ ՀՀ քաղաքացու դեմ են դուրս եկել: Ամեն օր բացահայտում են իրենց դավադիր պլանը, որ ուզում են իրականացնել»:
Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին, որոնց միջոցով իր աջակցությունն է հայտնում Սամվել Կարապետյանին, իշխող ուժի անդամն ասում է. «Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին փաթաթել է հայ ժողովրդի վզին, հիմա էլ Սամվել Կարապետյանին է ուզում փաթաթել: Ազդեցության գործակալները մեկտեղվել են, որ դուրս գան վերջին մարտին ու գողանան քաղաքացու քվեն, տան Քոչարյանին: Ուզում են գողանալ իշխանությունը և քար գցել Հայաստանի ապագայի վրա»:
Հովհաննիսյանը հարցադրում է անում. «Դեղին զապորոժեցով Հայաստան եկած Քոչարյանին որտեղի՞ց 200 մլն, թող գա ասի՝ փողերն ինչպես կերան»:
Մեկնաբանելով Քոչարյանի քննադատությունները TRIPP-ի վերաբերյալ՝ պատգամավորը նկատում է. «Քոչարյանը երկրորդ Զախարովան է, որպես խոսնակ դեմ է խոսում TRIPP-ին: TRIPP-ը նվազեցնում է էսկալացիայի ռիսկը»:
Ինչ վերաբերում է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը, որ Հայաստանը պետք է մտնի միութենական պետության կազմ, Արթուր Հովհաննիսյանն ընդգծում է. «Վիտալի Բալասանյանն իր ընկերների հետ մատաղել է Ղարաբաղը, հիմա էլ ուզում է մատաղել Հայաստանը, բայց չի ստացվելու»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()