![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանում։
Ելույթի իր խոսքում վարչապետն ասել է․
«Եվրոպական խորհրդարանի մեծարգո՛ նախագահ, հարգելի՛ պատգամավորներ, ինձ համար պատիվ է Ձեզ պատմել, որ այս ամբիոնից իմ ունեցած նախորդ ելույթից ի վեր, որը 2023 թվականի հոկտեմբերի 17-ին էր, Հայաստանում և ընդհանրապես Հարավային Կովկասում այնպիսի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք հարյուրամյա նշանակություն ունեն, եթե չասեմ հազարամյա։
Իսկ իմ նախորդ ելույթից անցել է ընդամենը երկու տարի հինգ ամիս։
Ամենահիշարժան փոփոխությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն է, որն արձանագրվեց 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում, երբ Սպիտակ տանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ես ստորագրեցինք համատեղ Հռչակագիր, որով, ըստ էության, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատեցինք։
Հռչակագիրը որպես վկա ստորագրեց նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Մինչ այդ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ԱՄՆ նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը»։
Վաշինգտոնի հռչակագրում լուծում ստացավ նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման այնքան կարևոր և այնքան զգայուն հարցը։
Հռչակագրի 3-րդ կետում ըստ այդմ՝ արձանագրված է (մեջբերում եմ). «Մենք վերահաստատեցինք ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա՝ տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով» (մեջբերման ավարտ)։
Իսկ արդեն Հռչակագրի 4-րդ կետում նշվում է (մեջբերում եմ)․ «Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար» (մեջբերման ավարտ)։
TRIPP ծրագիրը ներկայումս բյուրեղացման փուլում է։ Հունվարի 13-ին ԱՄՆ-ի և Հայաստանի կառավարություններն ընդունեցին TRIPP-ի իրականացման շրջանակը, և առաջիկայում Հայաստանն ու ԱՄՆ-ն կստորագրեն համապատասխան համաձայնագիր և նախագծի գործնական մեկնարկը կտրվի։
Հայաստանի Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծից բխող այս ծրագիրը տրանսպորտային նոր հնարավորություններ կստեղծի արևելքից արևմուտք և հակառակ ուղղությամբ, հարավից հյուսիս և հակառակ ուղղությամբ հաղորդակցության համար, ինչը նույնպես դարակազմիկ փոփոխություն է։ Կարևոր է ընդգծել, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին առաջին անգամ խոսել եմ հենց 2023 թվականի հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդարանի այս ամբիոնից, և վերը նկարագրված զարգացումները նոր հնարավորություններ են բացում Եվրոպական Միության ու Հայաստանի համար տրանսպորտային հաղորդակցության ոլորտում համագործակցությունը խորացնելու և կոնկրետացնելու տեսակետից։
Եվրոպական խորհրդարանի մեծարգո՛ նախագահ, հարգելի՛ պատգամավորներ,
Իմ ներկայացրած դրական պատկերը, անշուշտ, մթագնվում է այն իրադարձություններով, որ տեղի են ունենում հենց մեր հարևանությամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում և մերձավորարևելյան մի շարք երկրներում։ Իրանը մեր լավ բարեկամն է, մեր հազարամյա հարևանը։ Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունների ծավալը արդեն տեսաք։ Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը, Օմանը, Քուվեյթը, Հորդանանը, Լիբանանը, Բահրեյնը, Սիրիան մեր լավ գործընկերներն են։ Սաուդյան Արաբիայի հետ վերջերս պատմական քայլ ենք արել, դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատել։ Մենք ցավ ենք ապրում՝ տեսնելով այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում։ Միջազգային այսպիսի մասշտաբի ճգնաժամի ֆոնին առավել ևս մենք փոքր, համեստ պետություն ենք, և մեզ մնում է միայն աղոթել բոլոր զոհերի հոգիների հանգստության և գործընկեր առաջնորդների իմաստնության համար, որ նրանք րոպե առաջ գտնեն դիվանագիտական լուծումներ։
Հարգելի՛ ներկաներ, հարգելի՛ պատգամավորներ, Եվրոպական խորհրդարանի մեծարգո՛ նախագահ,
Արդեն 8 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանին լիարժեք խաղաղություն է հաստատված։ 2025 թվականը մեր անկախությունից, այսինքն՝ 1991 թվականից ի վեր դարձավ առաջին օրացուցային տարին, երբ Հայաստան-Ադրբեջան հրաձգության հետևանքով ո՛չ զոհ է եղել, ո՛չ վիրավոր։ Արդեն ամիսներ է՝ սահմանամերձ բնակավայրի բնակիչները կրակոցների ձայներ չեն լսում։
Ավելին՝ անկախությունից ի վեր առաջին անգամ 2025 թվականի նոյեմբերին Ադրբեջանի տարածքով, անցնելով նաև Վրաստանի միջով գնացք եկավ Հայաստանի Հանրապետություն։ Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ 2025 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե վերացնում է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան երկաթուղային փոխադրումների սահմանափակումները, և ես Ադրբեջանի նախագահին շնորհակալ եմ նման որոշման համար։
Մենք էլ մեր հերթին հայտարարել ենք, թե պատրաստ ենք հենց այսօր ապահովել տարանցումն Ադրբեջանից դեպի Թուրքիա և հակառակ ուղղությամբ, որովհետև սա կարող ենք անել այս պահին մեր գործող ճանապարհներով։ Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան այս հնարավորությունից դեռ չեն օգտվել։
Ենթադրում եմ նաև այն պատճառով, որ մտածում են, թե նման լուծումը գուցե բերի TRIPP նախագծի իրագործման ձգձգման։ Այս ամբիոնից պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանը TRIPP նախագծի իրագործումը ձգձգելու ոչ միայն մտադրություն, այլև պատճառ չունի, որովհետև նախագիծը լիարժեք համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ շահերին, և ինչպես տեսաք վերոհիշյալ մեջբերումից, որևէ կերպ չի նսեմացնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը։
Հիմա ուզում եմ ասել նաև, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է հենց այսօր գործող ենթակառուցվածքներով՝ Կոռնիձոր-Գորիս-Եղեգնաձոր-Երասխ երթուղով ապահովել Ադրբեջանի Արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև ավտոմոբիլային կապը։
Այս մեր առաջարկը նպատակ չունի որևէ կերպ ձգձգել, խափանել, մոռացության մատնել Վաշինգտոնի պայմանավորվածությունները, և ես սա ասում եմ պաշտոնապես։ Մենք այս առաջարկն անում ենք, որովհետև ինքներս ենք, ինչպես վերը նշեցի, մի փոքր այլընտրանքային տարբերակով օգտվում Ադրբեջանի երկաթուղուց։ Ինչպես Ադրբեջանն է սպասում Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան կապի հաստատմանը, այնպես էլ մենք ենք սպասում Նախիջևանի տարածքով Հայաստանի հարավի և հյուսիսի միջև երկաթուղային կապի հաստատմանը․ երկաթուղային այս երթուղին Հայաստանի համար այլընտրանք չունի, որովհետև մեր երկրի լեռնային ռելիեֆը թույլ չի տալիս այլ կերպ երկաթուղային կապ ունենալ երկրի հարավի և հյուսիսի միջև։ Ինչպես տեսնում եք, Հայաստանի և Ադրբեջանի սպասումները այս առումով չեն հակասում իրար։
Ասեմ նաև՝ մենք պատրաստվում ենք Վրաստան-Ադրբեջան երկաթուղին օգտագործել նաև արտահանումներ իրականացնելու համար։ Հույս ունեմ՝ առաջիկայում Հայաստանի համար արտահանման հասցե կդառնա նաև Ադրբեջանը։ Իսկ Հայաստանն Ադրբեջանից արդեն ներկրում է նավթամթերք, ինչը մեր շուկայում նավթամթերքի գների նվազման առիթ դարձավ և կոտրեց նավթամթերքի շուկայում տասնամյակներով հաստատված մենաշնորհները։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Վրաստանի վարչապետին, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցությանը և ընդհանրապես խաղաղության գործընթացին աջակցելու համար։
Հարգելի՛ ներկաներ,
Հատկապես միջազգային հարթակներում ինձ շատ են հարցնում, թե ինչու, ինչու, այնուամենայնիվ, 2025 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր դարձավ, իսկ նախկինում այն հասանելի չէր, ինչն է դրա պատճառը, ինչը փոխվեց այնուամենայնիվ։
Նախ, իհարկե, էական և շրջադարձային էր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներգրավվածությունն ու նախաձեռնությունը։
Երկրորդ գործոնը, որ հնարավոր դարձրեց խաղաղությունը, Հայաստանի և Ադրբեջանի վերջին առնվազն 100 տարվա պատմության փոխկապվածության գիտակցումն էր։ 1918 թվականին Հայաստանը և Ադրբեջանն անկախացել են նույն օրը։ Երկու տարի անց՝ 1920 թվականին, անկախությունը կորցրել են ամիսների տարբերությամբ։
1991 թվականին Հայաստանն ու Ադրբեջանը անկախացել են էլի ամիսների տարբերությամբ, կամ նույնիսկ կարելի է ասել նույն օրը, երբ Ալմա-Աթայի հռչակագրով արձանագրվեց Խորհրդային Միության գոյության ավարտը։
1920 թվականին հայ-ադրբեջանական բախումներն այն առանցքային գործոնն էին, որոնք երկու երկրներին հնարավորություն չտվեցին պահպանել անկախությունն ու զարգացնել այն։
Հիմա՝ մեկ դար անց, մենք ապրում ենք նույնքան բարդ տարածաշրջանում և աշխարհաքաղաքական հեղեղները ինչպես 20-րդ դարասկզբին, այնպես էլ հիմա, չեն խնայի մեզ, եթե ինքներս մեր մասին հոգ չտանենք, որովհետև հակամարտությունը, թշնամանքը այն վիրուսն են, որը կուրացնում է մեզ, խոցելի է դարձնում մեր անկախությունն ու պետականությունը, մեզ գայթակղիչ թիրախ է դարձնում աշխարհաքաղաքական մահացու հիվանդությունների համար։ Եվ ուրեմն, մեր ճակատագրերի ռազմավարական փոխկապվածության գիտակցումն է այն մյուս էական գործոնը, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Տարընթերցումների տեղ չտալու համար ընդգծեմ, որ սա իմ անձնական կարծիքն է, և իմ անձնական համոզմամբ՝ 2024 թվականի մարտ-ապրիլ ամիսներին մենք հասել էինք Հայաստանի պետականության եզրին ու եթե 2024 թվականի ապրիլին մենք չկայացնեինք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը մեկնարկելու որոշում, Հայաստանի Հանրապետությունն այսօր կլիներ ոչ թե անկախ պետություն, այլ առավելագույնը արտաքին կառավարման ներքո գտնվող տարածք։
Ընդ որում՝ սահմանազատման 2024 թվականի ապրիլի այդ որոշումը կայացնելը շատ դժվար էր։ Մեր եկեղեցու փաստացի պետի քաջալերմամբ արքեպիսկոպոսներից մեկը Հայաստանում շարժում էր սկսել՝ պահանջելու համար ոչ միայն չիրականացնել սահմանազատում, այլև, ըստ էության, ակտիվացնել Ղարաբաղյան շարժումը, ասել է թե՝ կոնֆլիկտը։
Տասնյակ հազար քաղաքացիներ, տրվելով բարձրաստիճան հոգևորականների և նրանց աջակից ընդդիմադիր ուժերի կողմից իրականացվող ապատեղեկատվության արշավին, որոնք պնդում էին, թե Հայաստանի Կառավարությունը պատրաստվում է Հայաստանի ինքնիշխան տարածքներ և դրանցում գտնվող հնամյա եկեղեցիներ ու բնակավայրեր զիջել Ադրբեջանին, դուրս էին եկել փողոց։
Դուք կարող եք պատկերացնել, թե ինչ էր դա նշանակում 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ իշխանության հասած մեր Կառավարության ու քաղաքական թիմի համար։
Իսկ ինչպե՞ս մենք լուծեցինք խնդիրը։
Մենք խոսեցինք մեր գործատուի՝ ժողովրդի հետ։ Եվ հիմա Տավուշի մարզի Կիրանց գյուղը, որը եկեղեցական-ընդդիմադիր շարժման առաջնորդներն իրենց սիմվոլն էին դարձրել՝ մարդկանց համոզելով, թե գյուղը դատարկվելու է ու լքվելու, սահմանազատումից հետո տների մոտ 50 տոկոս աճ է ունեցել Կառավարության աջակցությամբ և այսօր բացարձակապես խաղաղ, անվտանգ ու գունագեղ բնակավայր է, իսկ հնամյա եկեղեցիները վերականգնվում են կամ նորոգվում։
Անձամբ ես քաղաքացիների խմբերի այցելություններ, շրջագայություններ եմ կազմակերպում Տավուշի մարզի Կիրանց գյուղ՝ մարդկանց ցույց տալու, թե ինչ նկատի ունենք խաղաղություն ասելով, ինչ նկատի ունեմ Իրական Հայաստան ասելով, որի սիմվոլը՝ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի պատկերը, կրում եմ կրծքիս։
Սա նաև խաղաղության սիմվոլն է, որովհետև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն ենք հաստատել՝ միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը ճանաչելով 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի Հռչակագրի հիման վրա, համաձայն որի՝ Խորհրդային Ադրբեջանը դարձել է անկախ Ադրբեջան, Խորհրդային Հայաստանը դարձել է անկախ Հայաստան, և սա անկախ Հայաստանի տարածքի քարտեզի ուրվագիծն է։
Խաղաղության դեմ տարվող այս պրոցեսում որոշ հոգևորականների ներգրավվածության թեմային չէի անդրադառնա, եթե չտեսնեի, թե ինչպես են այդ հոգևորականների էմիսարները և նրանց հետ փոխկապակցված որոշ լոբբիստական կազմակերպությունների ներկայացուցիչներ Եվրոպական խորհրդարանում և միջազգային հեղինակավոր այլ կառույցներում փորձումն տարածել, թե Հայաստանի Կառավարությունը սահմանափակում է խղճի ազատությունը, թե Հայաստանում բռնապետություն է հաստատվում, թե Հայաստանում կան քաղբանտարկյալներ։
Իրականությունն այն է, որ որոշ հոգևորականներ, որոնք ցինիկ կերպով խախտել են հոգևոր բարեվարքության բոլոր կանոնները, այդպիսով իրենք իրենց խոցելի դարձրել օտարերկրյա հատուկ ծառայությունների համար (ի դեպ՝ նրանցից ոմանց ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ լինելու փաստը ապացուցվում է փաստաթղթերով), ահա այդ հոգևորականները Հայաստանի Հանրապետությունում ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը՝ իրենց շուրջ հավաքելով Հայաստանի նախկին ղեկավարներին, նրանց հետ կապված որոշ ուժերի, որոշ ռուսաստանաբնակ և բելոռուսամետ օլիգարխների, և փորձում են Հայաստանի անկախությունը զոհաբերել երրորդ երկրների շահերին։
Մենք նոր հակամարտություն, նոր պատերազմ թույլ չենք տալու, մենք թույլ չենք տալու, որ հազարավոր զոհերի գնով ձեռք բերված գիտակցությունը, խաղաղությունն ու անկախությունը մատաղ արվի հակաքրիստոնեական նպատակների համար։ Մեր Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու պատարագի տեքստում ավելի քան 40 անգամ հիշատակվում է խաղաղություն բառը, ու դա ոչ միայն մարդու, ոչ միայն հոգու, այլև համաշխարհային խաղաղության մասին է, որի մասին մեր պատարագի կանոնական տեքստում տասնյակ աղաչանքներ կան, մեր տեր և փրկիչ Հիսուս Քրիստոսին, իսկ այսօր ոմանք Քրիստոսի խորանը օգտագործում են հակամարտություն, պատերազմ և/կամ ներհայաստանյան բռնություն քարոզելու համար՝ հատելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմանները։ Սա չի կարող հանդուրժվել որևէ ժողովրդավարական երկրում։
Եվրոպական խորհրդարանի մեծարգո՛ նախագահ, հարգելի՛ պատգամավորներ, հարգելի՛ ներկաներ,
Մեր կարևոր խնդիրներից է նաև այն, որ փախստական դարձած ղարաբաղցի մեր քույրերի և եղբայրների էմոցիաները չշահարկվեն՝ նրանց սին հույսեր տալով։
Մեր ռազմավարությունն այս հարցում շատ հստակ է․ ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն և առհավետ տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում։ Մենք արդեն սկսել ենք նրանց բնակավորման ծրագիրը, որի շահառու են դարձել 4886 ընտանիքներ այս պահի դրությամբ։ Մենք մեր միջազգային գործընկերների հնարավորինս մեծ աջակցության կարիքն ունենք խաղաղության ամրապնդմանն ուղղված այս խնդիրը լուծելու համար։
Հարգելի՛ ներկաներ,
Մեզ քննադատում են հաճախ, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը կատարյալ չէ, բայց խնդրում եմ ասեք, իսկ որտե՞ղ է խաղաղությունը կատարյալ, որտե՞ղ կա կատարյալ խաղաղություն և որտե՞ղ է եղել ու ե՞րբ։
Եվ ընդհակառակը՝ խաղաղության նկատմամբ խնամք տանելու կամքն է, որ այն կատարյալին հնարավորինս մոտ դարձնելու տարբերակներ է ստեղծում, և մենք այսպես ենք մոտենում բոլոր հարցերի՝ ներառյալ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների խնդրին։ Վերջերս Ադրբեջանը մեր ևս չորս հայրենակիցների ազատ արձակեց։
Հայ հանրությունը, մենք բոլորս երջանկություն ապրեցինք այդ առիթով, բայց Կառավարությունը շատ արագ վերադարձավ լուռ դիվանագիտական աշխատանքը շարունակելուն հանուն մյուսների վերադարձի, որովհետև համոզված եմ՝ եթե նախորդիվ լուռ դիվանագիտական աշխատանքի ոճը չընտրեինք, հունվարի 14-ին մեր չորս հայրենակիցների վերադարձը տեղի չէր ունենա պարզապես։
Եվրոպական խորհրդարանի մեծարգո՛ նախագահ, հարգելի՛ պատգամավորներ, հարգելի՛ ներկաներ,
Հաջորդ անհավանական փոփոխությունը, որ Հայաստանում տեղի է ունեցել իմ նախորդ ելույթից ի վեր, այն է, որ 2025 թվականի մարտին մեր երկրում ընդունվեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, որն ուժի մեջ մտավ 2025 թվականի ապրիլին։
Սա քաղաքական բյուրեղացումն է 2023 թվականի հոկտեմբերի 17-ին այս ամբիոնից իմ արած այն հայտարարության, թե Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի:
Հիմա այդ օրենքի ընդունումից հետո շատերն են Հայաստանում հարցնում, թե երբ Հայաստանը կդառնա Եվրոպական Միության անդամ։ Մեր պատասխանը հստակ է․ որևէ երկիր առանց Եվրոպական Միության չափանիշներին համապատասխանելու չի կարող դառնալ ԵՄ անդամ։ Հետևաբար մեր խնդիրն է եվրոպացի մեր գործընկերների աջակցությամբ շարունակել բարեփոխումների ճանապարհը և նախ օբյեկտիվորեն համապատասխանել ԵՄ անդամագրման չափանիշներին։
Երբ սա տեղի ունենա․ կա երկու ճանապարհ․ կա՛մ ԵՄ-ն մեզ կընդունի որպես լիիրավ անդամ, կա՛մ չի ընդունի։ Այսպես ասում եմ, որովհետև հասկանում եմ, որ ԵՄ ընդլայնումը, նոր անդամի ներգրավվումը պարզ հարց չէ ու նաև քաղաքական որոշման խնդիր է։
Հետևաբար եթե ԵՄ-ն Հայաստանը կընդունի որպես լիիրավ անդամ, շատ լավ է։ Եթե չի ընդունի, մենք էլի կշահենք, որովհետև կլինենք ԵՄ ստանդարտներին լիարժեք համապատասխանող երկիր։
Պիտի անկեղծ ասեմ, սակայն, որ ԵՄ-ին Հայաստանի ինտեգրվելու ճանապարհին այս պահին ամենամեծ խնդիրը Եվրոպական Միության և Վրաստանի միջև քաղաքական երկխոսության սառեցված վիճակն է։ Վրաստանը մեզ համար ճանապարհ է դեպի Եվրոպական Միություն, և մենք Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունեցինք այն բանից հետո, երբ Վրաստանը ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստացավ։ Սա Հայաստանի ԵՄ անդամագրման հեռանկարը դարձրեց շոշափելի, և մեր ակնկալիքն ու խնդրանքն է, որ Եվրոպական Միություն-Վրաստան կառուցողական գործընթացը զարգանա։ Դա կարևոր է Հայաստանի համար, նույնքան կարևոր, որքան Վրաստանի համար։
Եվրոպական խորհրդարանի մեծարգո՛ նախագահ, հարգելի՛ պատգամավորներ, հարգելի՛ ներկաներ,
2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Ժողովրդական ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ ազատության, ժողովրդավարության, իրավունքների գերակայության ըմբռնումների հիման վրա։ Մենք մեր ժողովրդավարության կենսունակ ու զարգացող վիճակը պահեցինք պատերազմի պայմաններում նույնիսկ, բայց հասկացանք նաև, որ խաղաղությունն է, որ ժողովրդավարությունն անշրջելի դարձնելու ճանապարհ է բացում։ Իրականում մենք խաղաղության հասել ենք ժողովրդավարության շնորհիվ, ժողովրդավարական արժեքներին մեր նվիրվածության շնորհիվ, որովհետև Հայաստանին պարտադրված մտածողության կաղապարները կարողացանք հաղթահարել՝ ականջալուր լինելով ժողովրդին, իրական, ապրող, կյանքի և խաղաղության փափագ ունեցող մարդկանց։
2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենալու հերթական խորհրդարանական ընտրություններ, և այդ ընտրություններով մեր ժողովրդավարությունը պետք է խաղաղությունը դարձնի անշրջելի, ապա և խաղաղությամբ ժողովրդավարությունը կդառնա անշրջելի։ Մենք գնում ենք այս ճանապարհով, և ես սա ասում եմ որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ։
Եվ ուրեմն, կեցցե՛ խաղաղությունը, կեցցե՛ ժողովրդավարությունը։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար»:
![]()