![]()
«Բանակը Հայաստանի Հանրապետության համար անվտանգության ռեզերվ է, ոչ թե գործիք»:
Այս մասին Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք անվտանգության ոլորտում արդեն իսկ համագործակցություն ունենք Եվրամիության երկրների հետ, ռազմատեխնիկական ոլորտում համագործակցություն ունենք Ֆրանսիայի հետ, Եվրամիության խաղաղության գործիքի միջոցով արդեն 2 անգամ աջակցություն ենք ստացել Եվրոպական Միությունից, համագործակցում ենք Եվրամիության հետ տարածաշրջանային համատեքստում: Վերջերս Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությունը մեզ համար հնարավորություն է ստեղծում, որպեսզի մենք Եվրամիության հետ համագործակցությունը ենթակառուցվածքային ծրագրերում ընդլայնենք:
Ընդհանրապես անվտանգություն ասելով՝ հաճախ հասկանում են զենք, զինամթերք, բանակ, հատուկ ծառայություններ, օպերատիվ գործողություններ: Մենք 30 տարի այս ընկալման մեջ ենք եղել, հիմնական խնդիրը, որը ես տեսնում եմ, հետևյալն է․ Հայաստանում շատ է խոսվում անվտանգության երաշխիքի մասին, ինձ համար հիմա ակնհայտ է, որ անվտանգության միակ երաշխիքը խաղաղությունն է:
Չկա ավելի հուսալի անվտանգության երաշխիք, քան խաղաղությունը, երկրորդ շերտի երաշխիքը համագործակցությունն է ու փոխշահավետությունը: Այնուամենայնիվ, հասկանալով, որ բանակի զարգացումը շատ կարևոր է ու յուրաքանչյուր ինքնիշխան երկրի ոչ միայն իրավունքն է, այլև պարտականությունը՝ անվտանգության մեր ընկալումները փոխվում են ժամանակի հետ՝ ռազմականից դառնալով քաղաքական և դիվանագիտական․ մենք շեշտը պետք է դնենք այս տրամաբանության վրա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
![]()