Ակտիվորեն բանակցում ենք վիզաների ազատականացման թեմայով. Փաշինյան

«Ամենակարևոր բանը, որ հանդիպման ժամանակ էլ ասացի, այն է, որ 2025-ին ընդունվեց և ուժի մեջ մտավ ՀՀ-ի ԵՄ-ին անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքը, որը պատմական նոր փուլ է բացում ՀՀ -ի և ԵՄ-ի միջև հարաբերություններում և դա մի նոր խթան է մեզ համար շարունակելու դեմոկրատական, ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը»,- այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի ասուլիսի ընթացքում:

Վարչապետի խոսքով՝ ՀՀ-ն ու ԵՄ-ն ընդունեցին ռազմավարական օրակարգ, որը երկկողմ հարաբերությունները բարձրացնում է նոր մակարդակի, շարունակվում է նաև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը «Ներկայումս ակտիվորեն բանակցում ենք վիզաների ազատականացման թեմայով, այս ընթացքում ՀՀ-ն նաև աջակցություն է ստացել Եվրոպական խաղաղության գործիքի միջոցով, ՀՀ-ում շարունակում է գործունեություն ծավալել ԵՄ քաղաքացիական դիտորդների առաքելությունը, ում դերը դժվար է գերագնահատել: Անհամբեր սպասում եմ Ձեզ Երևանում մայիսի սկզբի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար»,- ասաց վարչապետը:

«Եվրոպական քաղաքական համայնքի ժողովին ես կլինեմ Երևանում»,- ասաց Ռոբերտա Մեցոլան: Նա ընդգծեց, որ Իրանի իրադարձությունների ֆոնին Հայաստանը մարդասիրական կարևորագույն միջանցք է դարձել. «Շնորհակալ եմ, որ օգնել եք մեր քաղաքացիների տարհանմանը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ