Դատախազը վերացրել է 2018-ին զինծառայողի մահվան դեպքով կայացված սերժանտի քրհետապնդումը դադարեցնելու որոշումը

Գլխավոր դատախազը 2025 թվականի հոկտեմբերի 24-ին որոշում է կայացրել վերացնել ՊՆ N զորամասի կրտսեր սերժանտ Վ. Հ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2021 թվականի դեկտեմբերի 16-ի որոշումը. Վ. Հ.-ի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում:

Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 6-ին ՀՀ ՊՆ N զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված մարտական դիրքում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Լ. Թ.-ի դին՝ ծնոտի ստորին և գլխի գագաթային հատվածների միջանցիկ հրազենային վնասվածքներով։ Քննությամբ պարզվել էր, որ 2018 թվականի մայիսի 1-6-ն ընկած ժամանակահատվածում մարտական հերթապահության ընթացքում ՊՆ N զորամասի կրտսեր սերժանտ Վ. Հ.-ն, լինելով Լ. Թ.-ի պետը, պարբերաբար վիրավորել, բռնություն է գործադրել և բռնություն գործադրելու սպառնալիք է հնչեցրել Լ. Թ.-ի նկատմամբ:

2018 թվականի մայիսի 14-ին Վ. Հ.-ին մեղադրանք էր առաջադրվել, իսկ 2021 թվականի դեկտեմբերի 16-ին մեղադրյալի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել էր քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով, ինչից հետո վարույթը կասեցվել էր:

2022 թվականի հոկտեմբերի 27-ին որոշում էր կայացվել կասեցված վարույթը վերսկսելու մասին, ինչպես նաև որոշում էր կայացվել նշանակել հետմահու լրացուցիչ ամբուլատոր դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն:

2025 թվականի հուլիսի 22-ին դատախազը Վ. Հ.-ի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 520-րդ հոդվածի 5-րդ մասով (ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

2025 թվականի օգոստոսի 1-ին ստացվել է հետմահու լրացուցիչ ամբուլատոր դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ «դեպքին նախորդող ժամանակահատվածում Լ. Թ.-ի ունեցած հոգեվիճակի միջև առկա է պատճառահետևանքային կապ, իսկ նման հոգեվիճակը կարող էր նպաստել ինքնասպանություն գործելու որոշում կայացնելուն»:

2025 թվականի հոկտեմբերի 21-ին նախնական վարույթի արդյունքներով դատախազը ներկայացրել է եզրակացություն՝ Լ. Թ.-ին վիրավորանք հասցնելու համար Վ.Հ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2021 թվականի դեկտեմբերի 16-ի որոշման իրավաչափությունը վերանայելու խնդրանքով, որից հետո ՀՀ գլխավոր դատախազը որոշում է կայացրել վերացնել Վ. Հ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2021 թվականի դեկտեմբերի 16-ին կայացված որոշումը:

2025 թվականի հոկտեմբերի 27-ին Վ. Հ.-ի մեղադրանքը փոփոխվել է և լրացվել. նրա նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 520-րդ հոդվածի 5-րդ մասով:

2026 թվականի մարտի 5-ին հսկող դատախազը հաստատել է Վ. Հ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ