Կոալիցիա պետք է լինի․ ոչ ճշգրիտ և մոլորեցնող պնդումներ Նարեկ Կարապետյանի հարցազրույցում. Fip

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը «Ինֆոքոմի» երիտասարդական «CtrL Z» հաղորդմանը Հայաստանի ընտրական համակարգի վերաբերյալ մի քանի հայտարարություններ է արել, որոնք մոլորեցնող են ու սխալ։

«Փաստերի ստուգման հարթակն» առանձնացրել է այդ հայտարարությունները և ՀՀ ընտրական օրենսդրության հիման վրա ստուգել դրանք։ Հրապարակումը ներկայացնում ենք ստորև.

Ընտրվելու իրավունքի մասին սխալ պատկերացում

Մասնավորապես, անդրադառնալով Հայաստանի պետական կառավարման համակարգում անձի ներգրավվածության հարցին՝ Կարապետյանն ասել է․ «Օրինակ, դուք վերջին 4-5 տարվա ընթացքում վեց ամիս բնակվում եք Շվեդիայում աշխատանքային նպատակներով, վերադառնում եք Հայաստան, բայց հայկական պետական համակարգը չի ընդունում ձեզ, քանի որ, ասում է՝ վերջին չորս տարին Հայաստանում չես ապրել։ Դա սահմանափակում է մեր Սփյուռքի ներգրավվածությունը մեր ընդհանուր պրոցեսների մեջ։ Մենք մեր ազգի մեծ մասին հանում ենք Հայաստանի կառավարման տիրույթից, որ նրանք Հայաստանի կառավարմանը չմասնակցեն։ Մենք նրանց ուզում ենք հանել ու ասել՝ չէ, ով Հայաստանում չորս տարի ապրել է, այդ մարդը ունենա այդ իրավունքը»։

Նարեկ Կարապետյանը սխալ է ներկայացնում ընտրվելու մասին Հայաստանի Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի պահանջը։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվող, ընտրելու իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր անձ։

Միևնույն ժամանակ օրենսգիրքը հստակ սահմանում է, թե ինչ է նշանակում «մշտապես բնակվող»։ Քաղաքացին վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող չի համարվում, եթե թեկնածուի գրանցման համար համապատասխան տեղեկանքը ստանալու նպատակով լիազոր մարմնին դիմելու օրվան նախորդող 1 461 օրերի ընթացքում առնվազն 731 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից։

Այսինքն՝ օրենքը չի պահանջում, որ անձը չորս տարվա ընթացքում ընդհանրապես չլքի երկիրը։ Ըստ սահմանված չափանիշի՝ մարդը կարող է մոտավորապես մինչև երկու տարի (առնվազն 731 օր) գտնվել Հայաստանից դուրս և դեռ համարվել «մշտապես բնակվող»։

Հետևաբար Կարապետյանի բերած օրինակը՝ «6 ամիս Շվեդիայում աշխատելու մասին» օրենսդրական սահմանափակման տակ չի ընկնում, քանի որ այդպիսի բացակայությունը չի գերազանցում օրենքով թույլատրելի շեմը։

Ի դեպ, ԸՕ-ն ընդհանուր կանոնից բացառություններ է նախատեսում ընտրվելու համար, օրինակ, եթե բացակայությունը պայմանավորված է եղել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության մեջ գտնվող անձի ծառայողական նպատակներով գործուղվելու կամ արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության հանգամանքներով:

Կոալիցիա պե՛տք է լինի, օրենքն է պահանջում

Երիտասարդների հետ հարցազրույցում Նարեկ Կարապետյանը կոալիցիա ձևավորել-չձևավորելու վերաբերյալ հարցերին ի պատասխան, հիշում է Գյումրիի նախադեպը և նկատում՝ այնտեղ կոալիցիա չկա, բայց դա չի խանգարել, որ շատ ձայն ստացած ընդդիմադիր ուժի թեկնածուն ընտրվի քաղաքապետ։ «Գյումրիում կոալիցիա չկա։ Եթե դիտարկվի, որ կոալիցիա չլինի, մենք կարող է քննարկենք, հնարավոր է՝ այդ տարբերակները քննարկենք։ Բայց չէի ուզենա առաջ գնայի, այդպիսի բաներ խոսեի․․․»,- հավելել է Կարապետյանը։

Նարեկ Կարապետյանի ներկայացրած համեմատությունը ճշգրիտ չէ, քանի որ նրա առաջարկած «Գյումրիի մոդելը» կիրառելի չի կարող լինել խորհրդարանական ընտրությունների դեպքում։

Գյումրիում քաղաքապետն ընտրվում է ավագանու կողմից, և քաղաքական ուժերը կարող են առանց պաշտոնական կոալիցիայի քվեարկել նույն թեկնածուի օգտին։

Մինչդեռ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում Ընտրական օրենսգիրքը սահմանում է այլ մեխանիզմ․ եթե որևէ կուսակցություն կամ դաշինք մեծամասնություն չի ստանում, իշխանություն ձևավորելու համար կուսակցությունները պետք է պաշտոնապես ձևավորեն քաղաքական կոալիցիա, այդ կոալիցիան պաշտոնապես գրանցվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) և նաև ներկայացնում է վարչապետի թեկնածու (Ընտրական օրենսգիրք, 97-րդ հոդված)։ Ավելին, մինչև կոալիցիա ձևավորելու վերջնաժամկետի օրվա ժամը 18:00-ն, կոալիցիայի անդամ կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) պետք է ԿԸՀ ներկայացնեն կոալիցիա կազմելու մասին կոալիցիայի անդամ կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների անդամ բոլոր կուսակցությունների) մշտական գործող ղեկավար մարմինների որոշումները: Կոալիցիա կազմելու մասին որոշումը պետք է պարունակի վարչապետի թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը:

Ընդ որում, եթե որևէ ուժ չի ստանում մեծամասնություն և կոալիցիա չի ձևավորվում, նշանակվում է ԱԺ ընտրությունների երկրորդ փուլ (Ընտրական օրենսգիրք, 98 հոդված), բայց դա արդեն այլ պատմություն է։

Ի դեպ, նկատենք՝ այդ թեկնածուն չի կարող լինել Սամվել Կարապետյանը, և այդ մասին առանձին հրապարակում «Փաստերի ստուգման հարթակը» ունեցել է։

Ստացվում է՝ «Գյումրիի մոդելի» նման պարզ քաղաքական համաձայնությունը բավարար չէ վարչապետ ընտրելու կամ իշխանություն ձևավորելու համար։

Մոլորեցնող շեշտադրում՝ սփյուռքահայերի ընտրական իրավունքի վերաբերյալ

Նույն հարցազրույցում Նարեկ Կարապետյանը դժգոհել է, որ քվեարկելու իրավունք չի տրվում սփյուռքահայերին։ «Եթե մենք իրավունք չենք տալիս ընտրելու, կապը չենք հաստատում Սփյուռքի մեր հայրենակիցների հետ, ինչպե՞ս ենք նրանց հետագայում վերադարձնելու Հայաստան»,- ասել է Կարապետյանը։

Հայաստանի ընտրական օրենսդրությամբ ընտրելու իրավունք ունեն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Ազգությամբ հայ լինելը ինքնին բավարար չէ ընտրություններին մասնակցելու համար։

Այդ պատճառով արտերկրում բնակվող և ՀՀ քաղաքացիություն չունեցող սփյուռքահայերը չեն կարող մասնակցել ընտրություններին։ Միաժամանակ ՀՀ քաղաքացիություն ունեցող անձը կարող է մասնակցել ընտրություններին, եթե գտնվում է Հայաստանում և գրանցված է ընտրողների ցուցակում։ Կարապետյանը չի հստակեցնում, որ ընտրելու իրավունքը պայմանավորված է ՀՀ քաղաքացիությամբ, և այդ պատճառով նրա ձևակերպումը կարող է մոլորեցնել։

Այսպիսով, Նարեկ Կարապետյանն իր հարցազրույցում Հայաստանի ընտրական համակարգի վերաբերյալ խոսելիս թույլ է տալիս այնպիսի ձևակերպումներ կամ արտահայտություններ, որոնք կա՛մ սխալ են ներկայացնում գործող օրենսդրությունը, կա՛մ կարող են մոլորեցնել հանրությանը։ Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է ինչպես ընտրվելու իրավունքի, այնպես էլ իշխանության ձևավորման ընթացակարգերը, որոնք հարցազրույցում ներկայացվում են ոչ ամբողջությամբ կամ ոչ ճշգրիտ։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ