![]()
Իրանի նորընտիր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է ԱՄՆ-Իսրայել համատեղ հարվածների ընթացքում, սակայն նրա վնասվածքների ամբողջական հանգամանքները դեռևս հստակ չեն։
The New York Times-ը գրել է, թե աղբյուրների փոխանցմամբ՝ վնասվել են նրա ոտքերը, սակայն վնասվածքի աստիճանը ճշգրտել հնարավոր չի եղել:
Նույն աղբյուրների համաձայն՝ նա վիրավորում է ստացել նույն հարվածների ընթացքում, որոնց հետևանքով սպանվել էին Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ու վերջինիս ընտանիքի մի շարք անդամներ։
Դեպքից հետո Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվել անգամ ընտրվելուց հետո, ինչը ևս մասամբ հաստատում է առողջական վիճակի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները։
Արևմտյան լրատվամիջոցների և անվտանգության աղբյուրների գնահատմամբ՝ նրա վիրավորվելու մասին տեղեկությունները նաև բացատրում են, թե ինչու նոր առաջնորդը մինչև հիմա որևէ հրապարակային ելույթ կամ ուղերձ չի ունեցել:
Նշվում է, որ Խամենեի կրտսերը պահվում է խիստ գաղտնի վայրում, շփումների շրջանակն էլ խիստ սահամնափակ է՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Մարտի 9-ին հայտնի էր դարձել, որ Իրանի Փորձագետների խորհուրդը հաստատել էր՝ Մոջթաբա Խամենեին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով զոհված Ալի Խամենեիի որդին, ընտրվել է Իրանի Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդ։
![]()