![]()
Հայաստանի բոլոր ռեզիդենտ քաղաքացիները 2026 թվականի հունվարի 1-ից համալրել են եկամուտները հայտարարագրողների ցանկը։ Այդ խմբի մեջ մտնում են նաև թոշակառուները։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը նշեց՝ գործընթացը հնարավորինս պարզեցվում է, որ քաղաքացիների, ինչպես նաև թոշակառուների համար հեշտ լինի։
«Այն տեղեկատվությունը, որին պետությունը տիրապետում է, օրինակ թոշակները, նպաստները և այլն, դրանք ինքնաշխատ լրացվում են։ Այսինքն, այն թոշակառուները, որոնք այլ եկամուտներ չունեն, օրինակ, տուն չունեն վարձակալության տված, իրենց հիմնական եկամուտը միայն թոշակն է, ապա դա արդեն նախալրացված է, և նա կարող է ոչինչ էլ չլրացրել, ժամկետի ավարտին հայտարարագիրը կհամարվի լրացված ու ՊԵԿ-ին հանձնված»,-ասաց Ռաֆայել Գևորգյանը։
Եթե ամեն դեպքում թոշակառուն ունի այլ եկամուտ, ապա պետք է հայտարարագրման համակարգով դա ներկայացնի։ Ռաֆայել Գևորգյանը նշեց, որ եթե կլինեն դժվարություններ, ապա ՊԵԿ-ի սպասարկման կենտրոններում պատրաստ են օգնել քաղաքացիներին։
Գործընթացը բոլոր քաղաքացիների համար դյուրացնելու նպատակով կատարվել են փոփոխություններ։ Մասնավորապես, միմյանց միջև կատարվող, չհայտարարագրման ենթակա դրամական փոխանցումների շեմը բարձրացվել է։ Քաղաքացիները կարող են մինչև 1 մլն դրամի չափով միմյանց փոխանցումները չհայտարարագրեն։ Ռաֆայել Գևորգյանն ընդգծեց, որ խոսքը չհարկվող եկամուտներին է։ Օրինակ, ընկերներից մեկը մյուսին կամ հարազատներն իրար գումար են փոխանցում։ Դրանք հայտարարագրման ենթակա չեն։
«Եթե կհիշեք, ժամանակին ապատեղեկատվություն էր շրջանառվում այն մասին, թե հարազատներից փոխանցված գումարները հարկվելու են։ Ժամանակը ցույց տվեց, որ նման բան չկա։ Մեր խնդիրը փոքր գործարքների նկատմամբ վարչարարություն անելը չէ, այլ ընդհանուր պատկերը տեսնելն է։ Ինչպես տեսնում ենք, օտարերկրյա բարեկամներից ստացված գումարները չեն հարկվում, եթե դա նվիրատվություն է»,-ասաց Ռաֆայել Գևորգյանը։
Նա ընդգծեց, որ այս համակարգով փորձ է արվում քաղաքացիների շրջանում բարձրացնել կամավոր կարգապահության մակարդակը։ ՊԵԿ-ի նպատակն է քաղաքացուն տալ հարմարավետ գործիք իր եկամուտները հայտարարագրելու համար։ Դա իր արդյունքը տալիս է։ Հայտարարագրման համակարգով բնակարանների վարձակալության հարկերը 2025-ին աճել են 143 տոկոսով։
Կարևոր գործիքակազմ է սոցիալական ծախսերի հետ վերադարձը։ Քաղաքացիները 2025-ին կատարած կրթական ու ատամնաբուժական ծախսերի համար կարող է ստանալ գումար մինչև 100 հազար դրամի սահմաններում։ Սոցիալական ծախսերի գումարը հնարավոր կլինի հետ ստանալ բացառապես 2025-ի եկամուտները հայտարարագրելուց հետո։
![]()