Ընտրական գործընթացի նկատմամբ ցանկացած ապօրինի միջամտություն ենթակա է իրավական հետևանքի. ՆԳՆ հայտարարությունը

Ինչպես հայտնել ենք՝ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարություն է տարածել այլ երկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության վերաբերյալ։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հիշյալի կապակցությամբ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ընտրական գործընթացների նկատմամբ ցանկացած ապօրինի ազդեցություն կամ միջամտություն ենթակա է իրավական գնահատականի․ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե:

«ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը տարածել է տեղեկատվություն այն մասին, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն։

Տեղեկատվության հիման վրա՝ ՆԳՆ ոստիկանության իրականացրած ստուգողական գործողությունների արդյունքում՝ նյութապես շահագրգռելու եղանակով անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու և նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով ընտրությանը մասնակցելուն հարկադրելու հատկանիշներով առերևույթ հանցանքի մասին կազմված հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե։

ՆԳՆ ոստիկանությունը հիշեցնում է, որ ընտրական գործընթացների նկատմամբ ցանկացած ապօրինի ազդեցություն կամ միջամտություն ենթակա է իրավական գնահատականի։

Կոչ ենք անում լինել զգոն, իսկ նմանատիպ դեպքերի մասին տեղեկություն ունենալու դեպքում անմիջապես դիմել ՆԳՆ Ոստիկանություն՝ զանգահարելով 112 կամ տեղեկատվությունն ուղարկելով mia@gov.am էլ․ հասցեին, ինչպես նաև տեղեկատվություն կարող եք փոխանցել azdararir.am հարթակի միջոցով»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ