Հայաստանի պետականության լինելու կամ չլինելու ընտրություն

Հայաստանում սպասվող ընտրությունները սովորական քաղաքական մրցակցություն չեն լինելու։ Դրանք լինելու են շատ ավելի խորքային ընտրություն՝ պետության ապագայի մասին։

Վերջին ամիսներին՝ որոշ քաղաքական ուժեր և նրանց սպասարկող շրջանակներ փաստացի չեն էլ թաքցնում, որ պատրաստ են Հայաստանի ինքնիշխանությունը դարձնել առևտրի առարկա՝ այն փոխանակելով կարճաժամկետ քաղաքական շահերի կամ արտաքին հովանավորության հետ։

Սա վտանգավոր միտում է։ Երբ քաղաքական պայքարը տեղափոխվում է ոչ թե ծրագրերի, այլ պետության գոյության հիմքերի դաշտ, այդ պահին ընտրությունները դադարում են լինել պարզապես իշխանության համար մրցակցություն։

Հայաստանը պատմության ընթացքում բազմիցս կանգնել է նման ճակատագրական խաչմերուկների առաջ։ Սակայն այսօր իրավիճակը առանձնահատուկ է մեկ պատճառով՝ տարածաշրջանը կրկին արագ փոփոխությունների փուլում է։ Մերձավոր Արևելքում և լայն տարածաշրջանում տեղի ունեցող ռազմական և քաղաքական գործընթացները ցույց են տալիս, որ աշխարհակարգը վերաձևավորվում է։ Այդպիսի ժամանակներում փոքր պետությունների համար ամենակարևոր ռեսուրսը սեփական պետականությունն ու ինքնիշխանությունն է։

Եթե պետությունը կորցնում է ինքնուրույն որոշումներ ընդունելու կարողությունը, ապա վաղ թե ուշ կորցնում է նաև իր անվտանգությունն ու ապագան։

Այդ պատճառով առաջիկա ընտրությունները պետք է դիտել ոչ թե որպես հերթական իշխանափոխության հնարավորություն, այլ որպես շատ ավելի մեծ հարցի պատասխան՝ ուզո՞ւմ ենք պահպանել Հայաստանը որպես ինքնիշխան պետություն, թե՞ պատրաստ ենք այն դարձնել ուրիշների խաղի գործիք։

Քաղաքական ուժերը կարող են վիճել տնտեսական մոդելների, սոցիալական ծրագրերի կամ արտաքին քաղաքականության նրբությունների շուրջ։ Դա նորմալ է և նույնիսկ անհրաժեշտ է առողջ ժողովրդավարության համար։ Սակայն կա մի կարմիր գիծ, որը չի կարող լինել քաղաքական առևտրի թեմա՝ Հայաստանի պետական ինքնիշխանությունը։ Այդ գիծը անցնելու փորձերը պետք է հստակ գնահատվեն հասարակության կողմից։

Երեք ամիս անց քաղաքացիները գնալու են ընտրատեղամասեր։ Թվում է՝ սովորական ժողովրդավարական գործընթաց է։ Բայց իրականում այդ օրը շատ ավելի մեծ որոշում է ընդունվելու։

Քվեաթերթիկի վրա գրված անունները՝ դրանք ընդամենը անուններ չեն միայն։ Այդ անունների յուրաքանչյուրի հետևում լինելու է նաև պատկերացում այն մասին, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանը՝ ինքնուրույն պետությո՞ւն, թե՞ արտաքին ուժերի շահերին ենթարկված տարածք։

Ու հենց այդ պատճառով առաջիկա ընտրությունները լինելու են ոչ թե իշխանության համար պայքար, այլ ընտրություն Հայաստանի գոյատևման ու չգոյատևման միջև։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ