![]()
Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն իրազեկում է ԱՊՊԱ համակարգի կանոններում իրականացված առանցքային փոփոխությունների մասին, որոնք ուժի մեջ կմտնեն սույն թվականի ապրիլի 1-ից:
Բարեփոխումների առանցքում ապահովագրական գումարների (հատուցման առավելագույն սահմանաչափերի) էական բարձրացումն է, ինչը նպատակ ունի ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժած անձանց համար ապահովել առավել համապարփակ և համարժեք ֆինանսական պաշտպանվածություն:
Ի՞նչ է փոխվում․
Ըստ նոր կանոնակարգումների՝ սահմանվել են հատուցումների հետևյալ նոր շեմերը.
Գույքային վնասների գծով. մեկ անձի համար սահմանաչափը գործող 1 մլն 800 հազար ՀՀ դրամից բարձրացվել է 2 մլն 500 հազար ՀՀ դրամի:
Անձնական վնասների գծով (առողջություն և կյանք). մեկ անձի համար սահմանաչափը գործող 3 մլն 300 հազար ՀՀ դրամից բարձրացվել է 3 մլն 500 հազար ՀՀ դրամի:
Միաժամանակ պահպանելով համակարգի կայունության տրամաբանությունը՝ բարձրացվել են նաև մեկ պատահարի հետևանքով բոլոր տուժողներին վճարվող ընդհանուր գումարների սահմանաչափերը՝ համապատասխանաբար դառնալով 25 մլն և 35 մլն ՀՀ դրամ։
Ինչո՞ւ է սա կարևոր.
Այս փոփոխությունները ԱՊՊԱ համակարգի շարունակական կատարելագործման փուլերից մեկն են: Դրանք թույլ կտան ՃՏՊ-ների արդյունքում առաջացած ծախսերը փոխհատուցել ավելի լիարժեք՝ նվազեցնելով քաղաքացիների լրացուցիչ ֆինանսական բեռը և բարձրացնելով ապահովագրական համակարգի նկատմամբ վստահությունը:
Կանոնների ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
![]()