Երևանի բենզալցակայաններից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով

Մարտի 4-ին՝ ժամը 7։11-ի հատվածում, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի պարեկային ծառայության հենակետ է դիմել մի քաղաքացի և հայտնել, որ ակումբից դուրս գալիս երկու անծանոթ անձինք կրակել են իր ուղղությամբ, ապա տաքսիով դիմել փախուստի։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Պարզվել է, որ նշված քաղաքացին Արմավիր քաղաքի 40-ամյա բնակիչ Զ. Հ.-ն է։ Վերջինս մարտի 4-ին՝ ժամը 7-ի սահմաններում, Իսակովի պողոտայի հասցեներից մեկում գործող բենզալցակայանի հարակից տարածքում վիճաբանել է երկու անձանց հետ, որի ընթացքում նրանցից մեկը իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակից կրակել է նրա ուղղությամբ, ապա դիմել փախուստի։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ Զ. Հ.-ի ուղղությամբ կրակոց արձակած անձը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում հաշվառված 29-ամյա Գ. Ա.-ն է։ Վերջինս նույն օրը, խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով, Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների կողմից Կոտայքի մարզի Պտղնի համայնքի Երևան-Աբովյան խճուղու հասցեներից մեկից ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ