![]()
ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ի դեմս Լևոն Զուրաբյանի ունենալով վարչապետի թեկնածու, վերջին շրջանում զբաղված է Սամվել Կարապետյանի, նույն ինքը՝ Տաշիր Սամոյի քաղաքական փիառով։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում նա արդեն երեք հայտարարություն է արել՝ երեքում էլ կոչ անելով համախմբվել հենց Սամվել Կարապետյանի շուրջը։ Թերևս անհասկանալի է, թե ինչու է առաջին նախագահը թերագնահատում սեփական թեկնածուի հնարավորությունները, բայց կողքից դիտողի տեսանկյունից շատ անհարմար բան է ստացվում։
Առաջին նախագահը, իր՝ «Ցավալի իրողություններ և խոհեր» հրապարակման մեջ անդրադարձ կատարելով առաջիկա ընտրություններին, ասել է. «Փաշինյանի արևմտյան տերերը Սամվել Կարապետյանի հաղթանակը համարելու են Հայաստանում ռուսական ազդեցության վերահաստատումը, ինչն ամենևին չի մտնում իրենց հեռահար հաշիվների մեջ։ Ուստի նրանք փորձելու են ամեն ինչ անել նման զարգացումը խափանելու ուղղությամբ, անտեսելով այն հանգամանքը, որ սեփական իշխանությունն ընտրելու բացառիկ իրավունքը պատկանում է ժողովրդին»։
Այս առնչությամբ քաղաքագետ Էդգար Առաքելյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Նախ՝ այդ «արևմտյան տերեր» խոսույթը մեծ առումով առնվազն անսպասելի էր իրենից լսել։ Իսկ եթե այդ տերմինոլոգիայով է խոսում, ապա նույն հաջողությամբ պետք է ասել՝ ուրեմն իրենք էլ երևի ռուսական տերեր ունեն։ Այսօր այդ ռուսական որջը՝ Հայաստանի դեմ պայքարող, դուրս է եկել և փորձում է ցույց տալ, որ այս գործընթացները գեներացվում են Արևմուտքից։ Առնվազն Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կառավարման այս ամբողջ տարիների ընթացքում ապացուցվել է, որ Հայաստանում 30-35 տարիների ընթացքում առաջին անգամ է, որ իսկապես ժողովուրդը կարողանում է ազատ ընտրություն կատարել»։
Ինչ վերաբերում է նրան, որ ՀԱԿ-ն ունի վարչապետի թեկնածու, սակայն Տեր-Պետրոսյանը զբաղված է Սամվել Կարապետյանին գովերգելով, քաղաքագետը կարծում է, որ այստեղ աբսուրդային իրավիճակի ենք հանդիպում։
«Այստեղ երևի արանքում կան մեծ գումարներ, դրա համար Տեր-Պետրոսյանն ավելի շատ խոսում է Տաշիր Սամոյից, քան իրենց թեկնածուից։ Եվ մեծ առումով սա անարգանք է սեփական թեկնածուի, սեփական թիմի, սեփական կուսակցության նկատմամբ»,- նշեց քաղաքագետը։
Հրապարակման մեջ առաջին նախագահը խոսել է նաև եկեղեցու շուրջը ծավալվող իրադարձությունների մասին և այս հարցում կրկին քննադատության է ենթարկել Նիկոլ Փաշինյանին։ Նա հարց է բարձրացրել՝ «եկեղեցին իրավունքներ ունի՞, թե՞ ոչ»։ Այս առնչությամբ Էդգար Առաքելյանն ասաց, որ եկեղեցին իրավունքներ ունի, բայց եկեղեցու իրավունքները սահմանափակվում են ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով։
«Այստեղ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսելու առիթ չունի, քանի որ Կտրիճ Ներսիսյանին առաջինը հենց ինքն է մերժել 2008 թվականին, և այսօր այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին ում դեմ պայքարում էր, համենայնդեպս ցույց էր տալիս, որ պայքարում է, այսօր դարձել է նրանց համախոհը։ Այդ մարդկանց հետ այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը պայքարում է ոչ թե իշխանության, այլ պետության դեմ։ Ժամանակին այդ մարդկանց նա համարում էր ավազակապետեր, իսկ նրանց ստեղծած համակարգը՝ ավազակապետություն, ու այդ ավազակապետերի հետ ինքը միավորվել և պայքարում է ՀՀ ինքնիշխանության ու անկախության դեմ»,- ասաց քաղաքագետը։
Ի հավելումն նա նշեց, որ ժամանակին այդ նույն բուրժուա-դեմոկրատական հեղափոխության առաջնորդը Գագիկ Ծառուկյանն էր, որը կարգված էր Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, հիմա Սամվել Կարապետյանն է, որը եղել է առաջին նախագահի կողմից ձևակերպված՝ ավազակապետության քաղաքական, տնտեսական, ֆինանսական հենասյուներից մեկը։
Մանրամասն՝ տեսանյութում
![]()