Հայաստանը պետք է մատաղ անել կայսրության ոտքերի տակ, որպեսզի որոշ մարդիկ կարողանան հանգիստ պահել թալանը. Քլոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանը պատասխանել է մի շարք գործիչների, այդ թվում՝ Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությանը, թե Հայաստանը պետք է լինի միութենական պետության կազմում:

«Վերջին օրերին որոշ «միջազգայնագետներ» հերթական անգամ փորձում են համոզել հանրությանը, թե Հայաստանը իբր ոչինչ չի անում տարածաշրջանային լարվածության պայմաններում։

Ըստ նրանց «խորաթափանց վերլուծության»՝ ԱՄՆ-Իսրայել-Իրան հնարավոր էսկալացիան կանխելու համար մեզ մնում էր կարծես միայն մի բան անել՝ կարկանդակ չուտել։

Մինչդեռ իրականությունն այլ է։

ՀՀ ԱԳՆ-ն վերջին օրերին լարվածության թեմայով ակտիվ շփումներ է ունեցել մի շարք երկրների գործընկերների հետ՝ ԵՄ, Իրան, Ֆրանսիա, Քուվեյթ, Վրաստան, Բահրեյն, Լատվիա, Ադրբեջան, Թուրքիա և ԱՄԷ։ Այս ամենը հրապարակվել է և լուսաբանվել է մեդիայում։

Ուստի տարակուսելի է, երբ իրենց «միջազգայնագետ» ներկայացնող մարդիկ ձևացնում են, թե այս ամենը չի եղել։

Միևնույն ժամանակ նույն շրջանակները հիմա նոր թեզ են շրջանառում․ իբր քաղաքացիները չեն ուզում վատ լուր լսել և միայն ուրախանում են լավ նորություններից։

Բայց ասենք անկեղծ՝

մարդիկ, բնականաբար, ուրախանում են, երբ խոսվում է խաղաղության ամրապնդման մասին,
երբ բարձրանում են թոշակները,
երբ ներդրվում են առողջապահական ապահովագրության ծրագրեր։
Սա ոչ թե զգոնության կորուստ է, այլ հասարակության բնական արձագանքը կայունության և սոցիալական առաջընթացի նկատմամբ։

Սակայն ամենաողբերգականն այն է, երբ նույն շրջանակներից մեկը խրոխտ հայտարարում է, թե միջազգային պայմանագրերը «թղթի կտոր» են, և Հայաստանը պետք է մտնի ինչ-որ միութենական կազմի մեջ։

Թարգմանաբար՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է մատաղ անել կայսրության ոտքերի տակ, որպեսզի որոշ մարդիկ կարողանան հանգիստ պահել իրենց տարիներով կուտակած հարստությունն ու թալանը։

Չի ստացվելու։

Հայաստանի ժողովուրդը արդեն մեկ անգամ մերժել է այդ մտածողությունը և շատ լավ հիշում է՝ ինչպես էին այդ տարիներին գնդակահարում սեփական քաղաքացիներին, և ինչպես էին անհետանում հարյուր միլիոնավոր դոլարներ։

Ժողովուրդը շատ լավ հասկանում է՝ ով է ուզում անկախ ու ինքնիշխան Հայաստան, և ով է ուզում այն դարձնել ուրիշների ենթակա տարածք։ Հունիսի 7-ին ժողովուրդը իր խոսքը կրկին կասի։

Եվ այդ խոսքը շատ հստակ է լինելու»,- գրել է Քլոյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ