![]()
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարություններից մեկին, որում նա նշում էր, թե Հայաստանը մեծ է Քուվեյթից ու Կատարից և կարող է ավելի մեծ դեր խաղալ տարածաշրջանում:
«Իրան-Ադրբեջան լարվածության ֆոնին որոշ քաղաքական անհատներ կրկին սկսեցին բայղուշանալ։ Տպավորություն է, որ այդ տեսակը ոչ թե կանխագուշակում, այլ ցանկանում է, որ Հայաստան-Ադրբեջան առճակատում սկսվի, քանի որ խաղաղությունը բացառում է իրենց իշխանության գալու շանսերը։
Ոմանք էլ առաջարկում են միջամտել կոնֆլիկտին՝ հիմնավորելով, թե Քուվեյթից ու Կատարից ոչ միայն պակաս չենք, այլև տարածքով մեծ ենք։ Կատարի բյուջեն 60 միլիարդ դոլար է, իսկ Քուվեյթինը՝ 80 միլիարդ։ Երկրորդ նախագահը մինչ օրս չի հասկացել, որ պետությունների ազդեցությունը որոշվում է ոչ թե տարածքի չափով, այլ տնտեսական հզորությամբ, Իսրայելը դրա վառ օրինակն է։
Երեկ Իրանի նախագահը հայտարարեց, որ այլևս չի հրթիռակոծի տարածաշրջանի երկրները և տեղի ունեցածի համար ափսոսանք հայտնեց։ Սա նշանակում է, որ Իրանի սպառազինության պաշարներն իսկապես սպառվում են։
Պարսիկները հազարամյակներով պետականություն պահպանած ժողովուրդ են, հետևաբար բանակցություններն անխուսափելի են, իսկ խաղաղությունը՝ մոտ, փառք Տիրոջը»,- գրել է Սարգսյանը:
![]()